
Ավարտվել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ-ի վիզային ռեժիմի ազատականացման առաջին փուլը, կողմերը պատրաստ են անցում կատարել հաջորդ փուլին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նախօրեի երեկոյան Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի գործարկման երկրորդ հաշվետվությունը, որում հաստատվում է, որ Վրաստանը կատարել է վիզային երկխոսության առաջին փուլի պահանջները:
Փանջիկիձեի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել Վրաստանի կատարած աշխատանքը, ինչը մեծ քայլ է վիզային ռեժիմի ազատականացման պլանի իրագործման տեսանկյունից, և վերջին հաշվով հանգեցնելու է ԵՄ-ի ու Վրաստանի միջև գոյություն ունեցող վիզային ռեժիմի վերացմանը: