«Ոչ մի աշխատող հղի կին չպիտի տուժի». Հովիկ Աբրահամյանը՝ հղիության նպաստների փոփոխության մասին

«Հղիության և ծննդաբերության, մայրության նպաստերի հետ կապված բազմաթիվ քննարկումների արդյունքում կա դժգոհություն, իրոք և ես կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ առավելագույնս որևէ աշխատող հղի կին չտուժի : Դա ընդունեք հիմք: Եվ, իհարկե, հանրությանը շատ է դա հետաքրքրում, բազմաթիվ հարթակներում քննարկում են այդ հարցը: Եվ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Եվ ես գտնում եմ, որ մենք այս սկզբունքը պետք է հաշվի առնենք, դա պետք է մեզ համար լինի ուղղություն»,- այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչաապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատարյանին:

Արտեմ Ասատարյանն էլ ի պատասխան ասաց. «Պարոն վարչապետ, հանրային քննարկումները, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել, բավականին նաև լավ աձագանք է գտել, նաև բավականին առաջարկություններ են ներկայացվել»: Նախարարին ընդհատեց Հովիկ Աբրահամյանը՝ նշելով. «Բայց ես լավ արձագանք չեմ տեսել, միշտ դժգոհություն եմ տեսել հեռուստացույցով»:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը՝ Արտեմ Աասատրյանն ասաց, որ հաշվի են առնվում ներկայացված առաջարկությունները. «Վերջնական տարբերակը կներկայացնենք ձեզ հաստատման, որպեսզի հաջորդ շաբաթ ներկայացնենք հանձնաժողովի քննարկմանը»: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ նախագծի սկզբունքը պետք է լինի հետևյալը՝ ոչ մի աշխատող հղի կին չպիտի տուժի:

Տեսանյութեր

Լրահոս