Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի գազային բանակցություններն ավարտվել են անարդյունք
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանին, Ուկրաինային ու ԵՄ-ին դեռ չի հաջողվել Կիևին գազ մատակարարելու շուրջ պայմանավորվածության գալ անցած գիշեր անցկացված եռակողմ բանակցություններում:
Հանդիպումը կշարունակվի այսօր երեկոյան՝ պայմանով, եթե Ուկրաինայի իշխանություններն ապահովեն վառելիքի վճարման երաշխիքը: Այս մասին բանակցային առաջին փուլի արդյուքներով հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Նրա խոսքերով՝ իրենք պայմանավորվել են բանակցությունները շարունակել այսօր: Նովակը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կանխավճար ստանալու դեպքում Ուկրաինային որոշակի քանակությամբ գազ մատակարարել նոյեմբեր-դեկտեմբերին:
Նովակը հավելել է, որ Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է միջոցներ գտնել՝ 4 միլիարդ խորանարդ մետր ծավալով ձմեռային մատակարարումների դիմաց վճարելու համար: Ավելի վաղ մատակարարված ռուսական գազի համար Ուկրաինայի ընդհանուր պարտքը գնահատվում է 5 միլիարդ դոլար: