ԱՄՆ-ի իշխանությունները ցուցադրաբար հրաժարվել են Վաշինգտոնում հանդիպել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները ցուցադրաբար հրաժարվել են հանդիպում կազմակերպել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի հետ, ով նախորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնել էր Վաշինգտոն:
Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի վարչակազմի մի շարք ղեկավարներ՝ դրանով իսկ հաստատելով ամերիկյան ու իսրայելական մամուլի այն հրապարակումները, որ երկու երկրների միջև առկա է դիվանագիտական ճգնաժամ:
Յաալոնը մասնավորապես ցանկացել է հանդիպումներ ունենալ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի ու նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսի հետ, սակայն մերժում է ստացել:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Յաալոնը կտրականապես քննադատել էր Մերձավոր Արևելքում Ջոն Քերիի խաղաղապահ գործողությունները. «Միակ բանը, որը կարող է փրկել մեզ, Ջոն Քերիին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելն է, ինչից հետո նա հանգիստ կթողնի մեզ»: