Բաժիններ՝

Ինչու չի լուծվել դասախոսների պարտադիր կուտակային վճարների խնդիրը

168.am-ն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամայանի հանձնարարականների չկատարմանը: Դեռևս ՀՀ կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում, հիշեցնենք, Հ.Աբրահամյանը պետական բուհերում համատեղության կարգով դասախոսական աշխատանք իրականացնող պարտադիր կուտակային տարիքի դասախոսների խնդրի կապակցությամբ ֆինանսների նախարարությանը հանձնարարել էր լուծում գտնել՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը:

Հոկտեմբերի 20-ը հարկային հաշվետվությունների ներկայացման վերջին օրն էր և այս անձինք ստիպված են եղել վճարել կուտակային գումարները:

168.am-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչո՞ւ մինչև հիմա լուծում չկա. «Հարցը վերաբերում էր տեղեկատվական համակարգի տեխնիկական խնդիրներին և նոր տեղեկատվական շտեմարանը ձևավորելու շրջանակներում ֆինանսների նախարարությունը պետք կարողանար նաև առաջնահերթությունների շրջանակում տեսնել խնդրի լուծման հնարավորությունը: Առաջիկայում ավելի սպառիչ տեղեկատվություն կտրամադրվի խնդրի հետ կապված»:

Ըստ նախարարի՝ հաշվետվությունների ներկայացման ժամկետները սկսվել էր օգոստոսի 20-ից և նոր օրենքի հետ կապված ամբողջ տեղեկատվական համակագը դրան համապատասխանեցնելու խնդիր ուներ. «Բնական է, որ ֆինանսների նախարարությունն առաջին հերթին պետք է լուծեր այդ խնդիրները, այսինքն՝ տեղեկատվական շտեմարանը համպատասխանեցվեր օրենքի պահանջներին: Այս խնդիրը, որն հետագայում առաջացավ, ինքը լրացուցիչ գործառույթ էր ենթադրում: Այսինքն՝ տեղեկատվական համակարգը պետք է համապատասխանեցվեր, այս բոլոր մոդուլները սկսեին աշխատել, որպեսզի օրենքն ամբողջությամբ գործարկվեր, որից հետո անդրադարձ արվեր այդ խնդիրներին: Տեղեկատվական համակարգում այլ մոտեցումներ է առաջադրում, իսկ իրենց ռեսուրսներն ու ժամանակը սահմանափակ են, այդ առումով, բնականաբար, խնդրահարույց էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս