Օբաման պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա. Թրամփ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է ներողություն խնդրի իր ժողովրդից ու հրաժարական տա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը.
«Եթե այդ բժիշկը, որը նման չմտածված կերպ Արևմտյան Աֆրիկայից ժամանել է Նյու Յորք, վարակված է Էբոլա վիրուսով, ապա Օբաման պետք է ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Նյու Յորքում հոսպիտալացրել են Էբոլա վիրուսի ախտանիշներով հիվանդի: Խոսքը 33-ամյա Քրեյգ Սփենսերի մասին է, ով վերադարձել է Գվինեայից, ուր և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության շարքերում պայքարել է Էբոլա տենդի դեմ:
Թրամփը կարծում է, որ տեղի ունեցածում մեղավորն առաջին հերթին ԱՄՆ-ի նախագահն է. «Ես շաբաթներ շարունակ նախագահ Օբամային ասել եմ, որ կասեցնի Արևմտյան Աֆրիկայից թռիչքները: Դա այնքան հեշտ է, սակայն նա հրաժարվեց: Լիակատար անիրազեկություն: Բարաք Հուսեին Օբաման շատ ավելի վատ նախագահ է, քան՝ Ջիմմի Քարտերը»:
Սրանից առաջ Թրամփն Էբոլա վիրուսի կապակցությամբ վերստին քննադատել էր Օամային և անգամ կասկած էր հայտնել նրա հոգեկան առողջության մասին: