2015 թվականին Ղազախստանում նշելու են պետականության 550-ամյակը. Նազարբաևի կոշտ պատասխանը՝ Պուտինին
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականին նշվելու է ղազախական պետականության 550-ամյակը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. «Կերեյն ու Ժանիբեկը 1465 թվականին ստեղծել են առաջին խանությունը, և ղազախների պետականության պատմությունը սկսվում է այդ ժամանակներից:
Հնարավոր է՝ այն չի եղել այդ տերմինի ժամանակակից ընկալմամբ, ներկայիս սահմաններով, համայն աշխարհում ներկայիս հայտնիությամբ ու հեղինակությամբ պետություն, սակայն դա կարելի է ասել նաև տվյալ ժամանակաշրջանի մյուս բոլոր պետությունների մասին: Կարևոր է, որ այն ժամանակ դրվել է հիմքը, և մենք մեր նախնիների մեծ գործերը շարունակողներն ենք»:
Նազարբաևը հայտարարել է, որ Ղազախստանը մտադիր է պահպանել հարևան երկրների հետ խաղաղ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ղազախստանը երբեք չի եղել պետություն և ընդհանրապես ոչ վաղ անցյալում է դարձել պետություն, և որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բացառիկ գործ է կատարել՝պետություն ստեղծելով այնպիսի տարածքում, ուր երբեք չի եղել պետություն. «Այդ պլանում նա բացառիկ մարդ է հետխորհրդային պետականության համար»: