Թուրքիայում առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականի գարնանը
Թուրքական Kanal B հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցումը պլանավորված է սկսել 2015 թվականի գարնանը:
Խոսքը գնում է միջերկրածովյան Մերսինի նահանգի Աքքույու վայրում կառուցվելիք ատոմակայանի մասին, որը պետք է կառուցի ռուսական կողմը՝ կատարելով 22 միլիարդ դոլարի ներդրում:
Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պլանավորել են շրջակա միջավայրի վրա ատոմակայանի ազդեցության մասին զեկույցի արդյունքները ստանալ նոյեմբերին, ինչից հետո կտրվի ատոմակայանի կառուցումը սկսելու արտոնագիրը:
Յըլդըզը հավելել է, որ ատոմակայանի կառուցումը կմեկնարկի 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Բացի այդ, պլանավորված է, որ Աքքույուի ատոմակայանն էլեկտրաէներգիա կսկսի արտադրել 2020 թվականին: Այն ունենալու 1200 մեգավատտ հզորությամբ 4 էներգաբլոկ (ընդհանուր՝ 4800 մեգավատտ):