Վրաստանի խորհրդարանն այսօր կքննարկի «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Պրահայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր հանդիպումներն արժեքավոր են՝ հաշվի առնելով այն, որ երկու երկրների միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները:
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովների միացյալ նիստում պլանավորված է այսօր քննարկել «Աբաշիձե-Կարասին» ձևաչափով երկխոսության նպատակահարմարությունը: Նիստի ժամանակ Աբաշիձեն վրացի պատգամավորներին կիրազեկի հոկտեմբերի 16-ին Պրահայում Կարասինի հետ իր վերջին հանդիպման մանրամասների մասին.
«Խոսքը գնում է նրա մասին, թե արդյոք մենք շարունակելո՞ւ ենք հանդիպումները, թե՞ ոչ: Կարծում եմ, որ երկկողմ ուղիղ երկխոսության աղբյուրն արժեքավոր է այն տեսանկյունից, որ մենք չունենք դեսպանություններ, դիվանագիտական հարաբերություններ, իսկ հարևան երկրի հետ դու պետք է հանդիպես 2-3 ամիսը մեկ անգամ՝ անկախ քո ցանկություն ունենալ-չունենալուց, որպեսզի այսպես թե այնպես լուծես կուտակված խնդիրները»:
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ, խորհրդարանի՝ արտաքին կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն Զուրաբ Աբաշիձեին կոչ էր արել չմեկնել Պրահա՝ կապված Աբխազիայի վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշման (միացյալ զորամիավորում ստեղծելու) հետ: