Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին. Վոլքան Բոզքըր
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին ու անհրաժեշտ է համարում Մոսկվայի հետ համագործակցել Սիրիայի ու Իրաքի հարցերի կարգավորման գործընթացում:
Այս մասին եվրոպացի պատգամավորներին հայտնել է Թուրքիայի՝ Եվրամիության հետ հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը. «Չեմ կարծում, թե պատժամիջոցները որևէ դեպքում տվել են որևէ արդյունք: Դրանք արդյունքի չեն հանգեցրել Լիբիայում, Սիրիայում, Իրաքում ու Իրանում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելը հարց լուծելու եղանակ չէ:
Մենք այստեղ շատ երկրների հետ ունենք լավ հարաբերություններ ու տնտեսական շահեր: Մենք պարտավոր չենք միանալ այդ պատժամիջոցներին, որովհետև այդ որոշումներն ընդունվել են առանց մեր մասնակցության և մեզ ներկայացվել են պարզապես նրա համար, որ մենք ընդունենք դրանք:
Պետք է զգուշավորություն պահպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ռուսաստանը շախմատի իր խաղը խաղում է ավելի լավ, քան՝ որևէ մեկն աշխարհում: Սակայն պատժամիջոցների պատճառով նրանք խաղարկելու են իրենց խաղը, որպեսզի մեզ հարկադրեն խաղալ ռուսական ռուլետկա (պտուտակախաղ):
Սիրիայում «Իսլամական պետության» հարցի լուծման ժամանակ չպետք է մոռանալ ռուսական ազդեցության մասին: Մենք պետք է Ռուսաստանին համոզենք մաս կազմել գործընթացին, մեզ անհրաժետ է ՄԱԿ ԱԽ-ի որոշումը, իսկ Ռուսաստանը նրա կազմում է: Մեզ անհրաժեշտ է կանգնեցնել Սիրիայի իշխանություններին զենքի մատակարարումը, իսկ Ռուսաստանն այնտեղ:
Ռուսաստանն ամենուրեք ներկայացված է: Եթե մենք անկյուն մղենք Ռուսաստանին, ապա դա կվերածվի չլուծված խնդրի, իսկ մենք դա անելու փոխարեն կփորձենք լուծել խնդիրը»: