Պուտինը Բելգրադում հայտարարել է Կոսովոյի հանդեպ ՌԴ-ի սկզբունքային դիրքորոշման մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Կոսովոյի հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը.
«Դուք հիշատակեցիք Կոսովոյի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը զբաղեցնում է սկզբունքային դիրքորոշում, որը հենված է ոչ միայն մեր բարեկամության ու մերձեցման, այլև՝ միջազգային իրավունքի ու արդարության վրա»:
Նիկոլիչն իր հերթին արժեվորել է տվյալ հարցում Սերբիային Ռուսաստանի աջակցելը: Նրա խոսքերով՝ Սերբիան Ռուսաստանը դիտարկում է որպես իր մեծ դաշնակից, և որ իրենք չեն կարող փոխել Ռուսաստանի հանդեպ իրենց դիրքորոշումը:
Ռուսաստանի ու Կոսովոյի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ Պրիշտինայում գործող դիվանագիտական գրասենյակը հանդիսանում է Բելգրադում ռուսական դեսպանատան ստորաբաժանում: Ռուսաստանը Կոսովոն ճանաչում է որպես Սերբիայի անքակտելի մաս:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պուտինին հրավիրել են Սերբիա՝ ներկա գտնվելու խոհրդային բանակի կողմից Բելգրադը ֆաշիստներից ազատելու 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք զորահանդեսին: