ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հարգել օրենքի գերակայությունը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին վերջին օրերին երկրորդ անգամ է պաշտոնական Բաքվին կոչ արել՝ դադարեցնելու իրավապաշտպան Լեյլա Յունուսի վրա ֆիզիկական ու բարոյական ճնշումը և ազատ արձակել նրան.
«Մենք հատուկ մտահոգված ենք Յունուսի անվտանգությամբ՝ կապված Ադրբեջանի առաջատար իրավապաշտպանի հասցեին շարունակվող ֆիզիկական սպառնալիքների հետ: Վաշինգտոնն Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում անհապաղ ապահովել անկախ բժիշկների կողմից Յունուսին զննելը, ապահովել նրա անվտանգությունը ու բարելավել նրա պայմանները:
Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում նաև հարգել օրենքի գերակայությունն ու ազատել նրանց, որոնց ձերբակալել են իրենց հիմնարար ազատություններն իրագործելիս՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը: Դա վերաբերում է Լեյլա Յունուսին ու նրա ամուսին Արիֆին, ում վիճակը պահանջում է անհապաղ ազատում:
Ադրբեջանի շահերից է բխում նրա ապահովումը, որ իր քաղաքացիներն ունենան հիմնարար ազատություններ, որոնք Ադրբեջանը պարտավորվել է տրամադրել սեփական միջազգային պարտավորությունների շրջանակներում»: