
ՄԱԿ-ը պետք է որոշում ընդունի Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման մասին. Դավութօղլու

Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անհրաժեշտ է համարում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ստեղծումը՝ տեղական բնակչության պաշտպանության համար.
«Գոտիները պետք է ստեղծվեն Հալեպ, Իդլիբ քաղաքների ու թուրքական սահմանի միջև՝ ներառյալ սահմանային Այն էլ Արաբ (Քոբանի), Ջարաբլուս և մյուս քաղաքները՝ կախված այդ շրջանների բնակչության խտությունից: Անվտանգության գոտիների ստեղծման մասին որոշումը պետք է ընդունի ՄԱԿ-ը:
Մենք խոսում ենք ոչ թե բուֆերային, այլ՝ հենց անվտանգության գոտիների մասին: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ գան այնտեղ և բնակվեն անվտանգ պայմաններում: Բացի այդ, մենք ցանկանում ենք նաև ոչ թռիչքային գոտու ստեղծում, քանի որ դա հանդիսանում է այստեղ ժամանող մարդկանց անվտանգության պայման:
«Բուֆերային գոտի» տերմինն ունի ռազմական իմաստ՝ ընկալվելով որպես երկու երկրների միջև անցումային գոտի, մինչդեռ նման բան չկա Թուրքիայի ու բարեկամական Սիրիայի միջև»: