Շավարշ Քոչարյան. ԵՏՄ-ի մաքսային տարածքի հետ կապված մենք ունենք միայն մի խնդիր՝ տրանզիտը (տեսանյութ)
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին
– Պարո՛ն Քոչարյան, որո՞նք էին այն խոչընդոտները, որոնց պատճառով մինչ օրս ստորագրումը հետաձգվում էր, և տարբեր ժամկետներ էին նշվում: Եվ արդյո՞ք հոկտեմբերի 10-ի ստորագրությունը նշանակում է, որ այդ բոլոր խոչընդոտները հաղթահարված են, բոլոր հարցերը՝ կարգավորված:
– Նախ եկեք նշենք, որ, իրականում, մեր այս անդամակցության գործընթացը նույնիսկ աննախադեպ արագ է տեղի ունեցել: Ընդամենը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարվեց այդ մասին: Նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին ընդունվեց և հաստատվեց ճանապարհային քարտեզը, այսինքն՝ այն միջոցառումների ծրագիրը, որը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, որ դառնա Մաքսային Միության և Ընդհանուր Տնտեսական Տարածքի անդամ, այլ ոչ թե Եվրասիական Միության:
Ես թվարկեմ, որովհետև շատ անգամ թյուր պատկերացում էր ձևավորվում: Ընդ որում, կային շուրջ 260 միջոցառումներ, ինչը լուրջ, ծավալուն աշխատանք է: Ընդամենը նախորդ տարվա դեկտեմբերին է դա արվել: Այո, հիմնականում այդ բոլորը մենք մայիսին, ըստ էության, գրեթե ավարտել էինք: Մնում էին մի շարք տեխնիկական հարցեր: Այն որոշումը, որի վրա հղում է կատարվում, Աստանայում Բարձրագույն մարմնի որոշումն էր այն մասին, որ մինչև հունիսի մեկը ներկայացվեր ստորագրման, այլ ոչ թե ստորագրվեր: Որոշումը այդպիսին էր: Դրանից հետո, այո, մինչև հունիսի 1-ը այն ներկայացվեց կողմերին: Հետո սկսվեց ներպետական համաձայնեցման գործընթացը, որը արդեն բնականաբար ավարտված է, քանի որ ստորագրված է և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և՛ Հայաստանում:
Այդ ընթացքում ևս եղան տարբեր հարցեր, որոնք առաջանում էին ներպետական համաձայնեցման ընթացքում, և որոնք ևս հարթվում էին: Եվ վերջնական բոլոր հարցերն, ըստ էության, լուծվեցին արդեն հոկտեմբերի 1-ին. տեսակոնֆերանսով փոքր խորհրդի նիստ էր՝ փոխվարչապետների մակարդակով, որն արձանագրեց, որ ամեն ինչ փակ է:
Տեմպերի տեսակետից ես գտնում եմ, որ սրանք աննախադեպ արագ տեմպեր են: Իսկ այդ աննախադեպությունը պայմանավորված է մի շատ կարևոր հանգամանքով. Հայաստանը ոչ միայն շատ բարեխղճորեն դրան մոտեցավ՝ 22 աշխատանքային խմբեր՝ ներառելով լավագույն մասնագետներին, այլ նաև մենք արդեն ունեինք տնտեսական բարեփոխումների շատ հարուստ փորձ, և շատ հարցեր կային, որոնց առնչությամբ մեզ պետք էլ չէր նախապատրաստական աշխատանք կատարել: Մենք կատարել էինք, և որոշ հարցերում նույնիսկ առաջ էինք:
– Ինչպես հայտնի է, ժամանակին նույնիսկ Նախագահն էր ասում, որ Հայաստանը հնարավոր է` անդամակցի հիմնադիր անդամի կարգավիճակով: Նախ ի՞նչ տեղի ունեցավ, որ մենք հիմնադիր անդամ չդարձանք, և առհասարակ, այդ հիմնադիր անդամ լինելը և շարքային անդամ լինելը ի՞նչ տարբերություն ունի:
– Ըստ իրենց պայմանագրի, որը ստորագրվել է հենց մայիսի 29-ին՝ Աստանայում, և այս վերջին նիստին՝ Մինսկում՝ հոկտեմբերի 10-ին, իրենք արդեն արձանագրեցին, որ վավերացման գործընթացները իրենք երեքն էլ ավարտել են: Դրանով իսկ հունվարի 1-ից գործելու է այդ մեծ պայմանագիրը, դեռևս անվանեմ այն՝ «իրենց պայմանագիրը»: Այդ պայմանագրում որևէ տարբերություն հիմնադիր և նոր անդամի միջև չի դրվում: Բնական է, բացի անցումային փուլերից, որովհետև եթե որևէ պետություն պետք է անդամագրվի, իսկ այնտեղ 108 հոդված կա, նա պետք է անցնի որոշակի փուլերով: Դա մեզ չի վերաբերում, որովհետև մենք միանում ենք ոչ թե միությանը, թեև ըստ էության, մենք միանում ենք միությանը, այլ, ինչպես ձևակերպված է, մենք միանում ենք պայմանագրին: Ինչու՞: Որովհետև եթե չկա միություն (այն պետք է գործի հունվարի 1-ից), մենք չենք կարող միանալ մի բանի, որը դեռ չի գործում, բայց պայմանագիրը ստորագրման պահից արդեն առկա է:
Հենց այդ պատճառով մեր պայմանագիրը կոչվում է «Պայմանագիր Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրին միանալու մասին»: Դա միանգամից այդ հարցերը հարթեց: Այնպես որ, կարելի է տարբեր կերպ գնահատել: Եթե դու միացել ես հիմնադիր պայմանագրին, կարելի նաև այդպես գնահատել, որ դու դառնում ես հիմնադիր, բայց տարբերություն, նորից եմ կրկնում, չկա: Իրենց մայր պայմանագիրը որևէ տարբերակում չի դնում:
– Այսինքն՝ որևէ առավելություն հիմնադիր անդամները չունե՞ն՝ նոր միացող սովորական անդամների նկատմամբ:
– Ոչ, դրանք կարող են լինել միայն անցումային որոշակի փուլի համար, կարող է ինչ-որ տարբերակում լինել, բայց ժամանակավոր:
– Այդ դեպքում ինչու՞ չդարձանք հիմնադիր անդամ:
– Խնդիրն այն է, որ չկա այդպիսի հասկացություն: Երեքով ստորագրեցին, կարելի է համարել որ իրենք հիմնադիր անդամներ են: Մենք էլ միացանք այդ հիմնադրման պայմանագրին: Սա է իրողությունը:
– Որպես առաջին ստորագրո՞ղ:
– Ոչ, առաջինը իրենք են, իսկ մենք միանում ենք այդ պայմանագրին:
– Հայաստանի անդամակցության պայմանագիրը, հայտնի է, դեռ պետք է վավերացվի մյուս անդամ երկրների խորհրդարանների կողմից: Ռուսաստանի նախագահը նույնիսկ հույս հայտնեց, որ այդ վավերացման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է, օրինակ, որ Բելառուսի կամ Ղազախստանի խորհրդարանները չվավերացնեն Հայաստանի անդամակցության պայմանագիրը կամ վավերացնեն՝ ինչ-ինչ նոր պայմանններ առաջ քաշելով:
– Առաջին մասը. տեսականորեն, իհարկե, հնարավոր է: Պառլամենտը սուվերեն է, և տեսականորեն միշտ էլ կարող է չվավերացնել: Իսկ իրենց պայմանագրի վավերացման պարագայում իրենք ձեռք էին բերել պայմանավորվածություն՝ հնարավորինս արագ և սինխրոն կատարել այդ վավերացման գործընթացը: Նրանք դա արեցին և հենց Մինսկում էլ հայտարարեցին, որ ավարտել են: Այսինքն, արդեն ելնելով այդ նախադեպից, մենք էլ ակնկալիք ունենք, որ մեր դեպքում էլ կգնա այդ սինխրոն գործընթացը: Ուղղակի այստեղ ավելանում է նաև մեր պառլամենտի վավերացումը: Մենք էլ պետք է վավերացնենք: Ընդ որում, մեր համար շատ ավելի ծավալուն է վավերացման այդ աշխատանքը, քան՝ իրենցը, քանի որ երբ միանում ենք պայմանագրին, մենք միանում ենք նաև իրավապայմանագրային բազային: Իսկ դա նշանակում է, որ բոլոր պայմանագրերի առնչությամբ, որոնց մենք միանում ենք, Սահմանադրական դատարանը պետք է եզրակացություն տա:
– Մինսկում ստորագրվեց պայմանագիրը այն տեսքով, որը հրապարակվե՞ց Արտգործնախարարության կայքում:
– Այո: Որևէ էական փոփոխություն, կարող եմ ասել, չի կատարվել: Ընդամենը ամսի 9-ի երեկոյան, ինչպես ասում են՝ «читка», մեկ անգամ էլ ընթերցվեց, ու մեկ-երկու տեղ տեխնիկական ուղղումներ արվեց՝ կապված օրինակ ստորակետների հետ, բայց որևէ փոփոխություն չկա:
– Մի տեխնիկական հարց տամ՝ ինչու՞ պայմանագիրը և դրա հավելվածը նախ հայտնվեցին հասարակական կազմակերպության կայքում, հետո նոր՝ արտգործնախարարության:
– Դա այդքան էլ այդպես չէ: Դա ընդամենը ժամերի հարց էր, որովհետև ուղղակի համապատասխան ՀԿ-ի ղեկավարը մեզնից խնդրել էր այդ պայմանագիրը, մենք, քանի կար արգելք, այսինքն՝ պայմանավորվածություն կար մինչ այդ անդամների միջև, դրա համար չէինք հրապարակում: Մենք մերժում էինք՝ ասելով որ չկա այդպիսի պայմանավորվածություն՝ տրամադրելու, հենց այդ արգելքը հանվեց, մենք միանգամից իրեն տրամադրեցինք:
– Պայմանագրի հրապարակված այդ նախագծում ամենամտահոգիչ հարցը վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անդամակցության գործընթացի ավարտին հնարավոր մաքսակետի տեղադրմանը: Արդյո՞ք այս հարցը քննարկվել է Մինսկում, թե՞ առկախված է մնում: Ի վերջո ինչպե՞ս է լինելու, մաքսակետ տեղադրվելու՞ է, թե՞ ոչ: Խնդրում եմ բացատրել, որովհետև և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով, և՛ հոգեբանական առումով ամենացավոտ հարցն է:
– Նախ արձանագրեմ, որ մաքսակետ տեղադրելու հարցը բանակցությունների առարկա չի եղել. դա մեկ: Ավելին՝ պայմանագրում դրա մասին որևէ բան չկա: Ինձ զարմացնում է, երբ որ լինում են վերլուծություններ, որոնք ասում են, որ պայմանագրից այդպիսի բան է բխում: Այնտեղ ընդամենը նշվում է շատ տրամաբանական ձևակերպում այն մասին, որ մաքսային տարածքը դա իրենց տարածքն է: Այսինքն` մաքսային տարածքը համընկնում է պետության տարածքի հետ: Դա է ֆիքսվում, ու դա վերաբերում է բոլոր անդամ պետություններին: Ընտրովի մոտեցում Հայաստանի Հանրապետությունը իր նկատմամբ, բնական է, չէր կարող ընդունել, որպեսզի ավելի կոշտ նման ձևակերպում լինի. իրենք չունեն դա:
– Այստեղ որոշ վերլուծաբաններ ասում էին, որ այդ դեպքում Ռուսաստանի համար էլ Ղրիմի հարց է առաջ գալիս:
– Բազմաթիվ հարցեր կան: Խնդիրը հետևյալն է՝ իրենց մայր պայմանագրում այդպիսի կոշտ ձևակերպում չկա: Եթե լիներ, մենք այդ ժամանակ կարող է մտածեինք: Որպեսզի ընդհանուր առմամբ Ղարաբաղի հետ կապված այդ հարցը փակենք, որովհետև, վերջիվերջո, Նուրսուլթան Նազարբաևը հնչեցրել է այդ միտքը…
– Այո, մեջբերեմ՝ Խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարել է. «Հաջողվել է փոխզիջման հասնել սահմաններին առնչվող նրբանկատ հարցում, որոնց շրջանակներում Հայաստանը միանում է Եվրասիական Տնտեսական Միությանը»: Ի՞նչ սահմանների մասին է խոսքը, որովհետև հիշում ենք նաև Նազարբաևի մինչ այդ ասած խոսքը՝ սահմանների մասին, երբ որ Ալիևի նամակը ընթերցեց: Ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը:
– Խնդիրը հետևյալն է. այստեղ փոխզիջման մասին չի խոսքը: Մենք ընդամենը վերահաստատել ենք այն մոտեցումը, որը Հայաստանը ունեցել է ի սկզբանե՝ անկախության օրերից: Այսինքն՝ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս: Մենք մեր հարաբերությունները Ղարաբաղի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության՝ չճանաչելով դե յուրե, և մեր հարաբերությունները հորիզոնական են:
Այստեղ մի տարօրինակ իրավիճակ տեղի ունեցավ, թյուրըմբռնում: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ինքը դարձել է իր քարոզչության գերին՝ «չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իրականում դա Հայաստանի մաս է», և այլն, և այլն: Ինքն իր քարոզչության գերին դառնալով՝ փորձում էր հորդորել մեր որոշ գործընկերների, թե՝ «եկեք ֆիքսենք, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ»: Բայց, ներողություն, դա միշտ մեր դիրքորոշումն է եղել և մնում է: Մենք հարգում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
– Եվ ցանկացած պահի Հայաստանը կարո՞ղ է ճանաչել ԼՂ անկախությունը:
– Իհարկե: Եվ չճանաչելը միայն և միայն պայմանավորված է Մինսկի ֆորմատով, բանակցություններով, դա մի քիչ այլ հարց է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք մեր հարաբերությունները չենք կառուցում հորիզոնական: Այնպես որ մենք ընդամենը վերահաստատել ենք այն, ինչը տարիներ ի վեր եղել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը:
– Նազարբաևը դա՞ ի նկատի ուներ՝ «սահմանների հստակեցում» ասելով: Որևէ այլ հարց չկա՞:
– Դա ամբողջությամբ բավարարել է: Դրա մասին մեր Նախագահն էլ էր հայտարարել հրապարակային:
– Ի վերջո ինչպե՞ս է կարգավորվելու ապրանքաշրջանառությունը՝ մաքսակետը լինի, թե ոչ:
– Ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի: Որովհետև Ղարաբաղը խնդիր չի ունեցել, և նույն կերպ էլ կշարունակվի:
– Ինչպե՞ս պետք է կարգավորվեն տնտեսական՝ ապրանքաշրջանառության, ինչ որ տեղ նաև քաղաքական հարաբերությունները հարևան պետությունների՝ տվյալ դեպքում՝ Վրաստանի և Իրանի հետ:
– Դա կարևոր հարցադրում է: Մեզ հաճախ հարց են տալիս, թե՝ «Տեսեք, Վրաստանը ակնհայտորեն հայտարարել է, որ գնում է դեպի Եվրամիություն: Ճիշտ է, դեռ պետք է ճանապարհ անցնի, բայց արդեն Ասոցացման համաձայնագիրն է ստորագրել, Խորը և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիրը: Հայաստանը գնում է դեպի Եվրասիական Տնտեսական Միություն: Արդեն ստորագրեց պայմանագիրը: Դա խնդիրներ առաջացնու՞մ է, թե՞ ոչ:
Նախ ես պետք է ասեմ, որ իրավական առումով՝ ոչ: Մենք Վրաստանի հետ ունենք պայմանագիր՝ ազատ առևտրի մասին: Ընդ որում անդամակցելով, այն պայմանագրերը, որոնք արդեն մենք ունեցել ենք մինչ անդամակցելը, շարունակում են գործել: Այսինքն` այդ մասով մենք մեզ ապահովագրել ենք: Վրաստանի հետ մենք ունենք այդ ռեժիմը: Վրաստանն էլ իր հերթին ձգտում է մեզ հետ այդ ռեժիմը պահպանել:
Եվրասիական Տնտեսական Միության մաքսային տարածքի հետ կապված մենք ունենք միայն մի խնդիր՝ տրանզիտը: Այսինքն՝ ապրանքը անցնում է մի պետության տարածքով, որը անդամ չի այդ միությանը: Բայց դա բավականաչափ պարզ գործընթաց է, և ավելին, պատահական չէ, որ մեր պայմանագիրն ունի հատուկ հավելված: Դա վերջին հավելվածն է, որտեղ հենց տրանզիտի մասին է խոսվում, որովհետև դա Հայաստանի առանձնահատկությունն է: Եվ այդ տեսակետից վերջերս եղել են բարձր մակարդակով հանդիպումներ՝ Հայաստանի և Վրաստանի ղեկավարությունների միջև. մեր Նախագահն է եղել Վրաստանում, իրենց վարչապետն է եկել այստեղ, և կողմերը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը, մոտեցումը, որ դա ոչ միայն չպետք է խոչընդոտ հանդիսանա, այլ նույնիսկ ավելին. օգտագործելով այն հանգամանքը, որ Վրաստանն ու Հայաստանը դառնում են, այսպես ասած, սահման՝ երկու տնտեսական մեծ միությունների, նույնիսկ դա օգտագործել՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների: Այստեղ կան տարբեր մեխանիզմներ: Օրինակ` Հայաստանում գործում է GSP+ ռեժիմը` արտոնյալ առևտուրը Եվրոպայի հետ: Տարբեր իրավիճակներ կան, որտեղ եթե երկու պետություններ, իրոք, շահագրգռված են, դա կարող է օգտագործվել ի շահ մեր տնտեսությունների և տնտեսվարող սուբյեկտների:
Հիմա անդրադառնանք Իրանին։ Այս նոր ձևավորվող միության հանդեպ կա լուրջ հետաքրքրություն՝ տարբեր պետությունների և պետությունների տնտեսական միավորումների կողմից: Մի քանի տասնյակ պետություններ դիմել են, որպեսզի տնտեսական համագործակցություն հաստատեն. դա կարող է լինել ազատ առևտրի ռեժիմ և այլն: Մասնավորապես, օրինակ, այդտեղ մտնում են Վիետնամը, Իսրայելը, Հնդկաստանը: Այդ հարցը մանրակրկիտ ուսումնասիրում է մեր հարևան Իրանը: Բնական է՝ մենք շահագրգիռ կլինենք: Բացի նրանից, որ Իրանի հետ մենք ունենք որոշակի արտոնյալ ռեժիմներ, եթե այն դառնա գործընկերը՝ ընդհանուր առմամբ ամբողջ միության, ապա դա բխում է նաև մեր շահերից: Այնպես որ այստեղ կան տարբեր մեխանիզմներ։
– Վերջերս մամուլում հրապարակվեց այնպիսի մի տեղեկատվություն, ըստ որի՝ այն բրենդային ընկերությունը կամ ընկերությունները, որոնք ներկայացված են, կան, գործում են կամ ունեն իրենց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները Հայաստանում, շարունակելու են աշխատել նույն մաքսային ռեժիմով, նույն կերպ են մաքսատուրքերը գանձվելու, սակայն հնարավոր է եղել ձեռք բերել ևս երեք տարի ժամկետ, որովհետև երեք տարի հետո արդեն նոր ընկերությունները, որոնք մուտք կգործեն Հայաստան բոլորովին այլ մաքսային ռեժիմում են գործելու, և այս երեք տարին մեր իշխանությունները կարողացել են բանակցությունների արդյունքում ձեռք բերել: Կբացատրե՞ք` ինչ է լինելու: Ստացվում է, որ երեք տարի հետո, եթե որևէ բրենդային ընկերություն ցանկանա Հայաստանում մասնաճյուղ բացել, կամ գանձվելու է Մաքսային միության, Եվրասիական Տնտեսական Միության գործող մաքսատուրքերով, կամ այն ներակայացուցչությունների միջոցով, որոնք կան ԵԱՏՄ-ի անդամ պետություններում: Այդպե՞ս է։
– Մոտավորապես դա է, այսինքն` եթե կա որևէ բրենդային ընկերություն, որը արդեն ունի ներակայացուցչություն այդ տարածքում, ապա միայն իր միջոցով պիտի գա:
– Կապ չունի՞՝ Ռուսաստան, Ղազախստան։
– Դա չի տարածվում, եթե այլ տեղից ես բերում նույն բրենդային ընկերության ապրանքը։ Մեզանում կա զուգահեռ ներմուծումը՝ «параллельный импорт», որը իր մեջ ունի նաև առավելություններ, որովհետև այսպիսի կենտրոնացումը իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն ռիսկեր: Տվյալ պարագայում մենք երեք տարի ժամկետ ստացանք: Այս երեք տարին նաև հնարավորություն կտա մեր ապագա գործընկերներին, որպեսզի իրենք էլ դիտարկեն՝ միգուցե մեր մոդելն է ավելի հեռանկարային: Եթե իրենք էլ գան մեր դաշտ, ուրեմն մենք ոչինչ չենք փոխի, եթե ոչ, ուրեմն մեր մոտ կգործի միայն երեք տարի, որից հետո մենք կենթարկվենք ընդհանուր խաղի կանոններին:
– Որոնք ավելի բարձր են, չէ՞, այնուամենայնիվ, մաքսատուրքերը:
– Մեր գնահատականով՝ մեր ռեժիմը ավելի ճիշտ է, ավելի մրցակցային է: Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ շատ հարցերում մեր տնտեսությունը բարեփոխումներով ավելի լիբերալ է, և օրինակ, երբ Հայասատանի ճանապարհային քարտեզն էին հաստատում, Հայասատանում բազմաթիվ միջոցառումների կարիքը չկար, որովհետև մենք արդեն կատարել էինք: Եվ կային դեպքեր, որ նույնիսկ մի քանի քայլ առաջ էինք: Սա հենց այն գործոնն էր, որի մասին արդեն ասացի, որ օգնեց մեզ, որ հարաբերական այսպես արագ կարողանանք լինել պատրաստ անդամակցությանը:
– Հայաստանում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ և բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ ասում են, որ Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա քայլերը քննարկելու համար սպասում են Հայաստանի առաջարկներին: Հիմա ինչպե՞ս պիտի լինի, ինչպե՞ս պետք է կարգավորվի այդ հարաբերությունների ձևաչափը, ճշտվե՞լ է թե՞ ոչ, որովհետև մտավախություն կար նաև, որ այսուհետ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, այլևս այդ երկրները պետք է բանակցեն, խոսեն Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի բարձրագույն մարմնի հետ, և Հայաստանի խոսքը այլևս որոշիչ չի լինելու:
– Նախ եկեք արձանագրենք, որ Հայաստանում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյանները մի բան էին արձանագրում, որ իրենք ցանկանում են տեսնել արդեն ստորագրված պայմանագիրը, որ պատկերացնեն նաև իրենք և իրենց փորձագետները, թե որտեղ կա սահմանափակում, որտեղ Հայաստանը ունի այնպիսի պարտավորություններ` կապված նոր ԵԱՏՄ-ի հետ, որոնք թույլ չեն տալիս այդ դաշտում խորացնել առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Այն մասում, որտեղ չկան այդպիսի սահմանափակումներ, մենք ազատ ենք՝ գործելու, և այդ տեսակետից ինքնին ստորագրումը կարևոր է, և այդ հստակությունն է մտնում: Այնպես որ քանի որ պայմանագրի տեքստը արդեն կա, մասնագետները կարող են գնահատել դա, արդեն ճանապարհը բաց է, որպեսզի այդ մասով մենք հարցերը փակենք` արդեն ձեռքի տակ ունենալով փաստաթղթերով սահմանված իրական պարտավորությունները, և առաջ շարժվենք:
Ես մի բան կցանկանայի ավելացնել, որովհետև մեկ-մեկ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է՝ կամ-կամ: Նույնիսկ հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը ուղղակի հայտարարեց, որ՝ դեմ չենք ԵՄ-ի հետ մեր անդամ, մեր բարեկամ պետությունների համագործակցությանը: Ընդամենը մեկ խնդիր. այդ համագործակցությունը իրականացնելիս պետք է հաշվի առնել նաև այս կողմի շահերը, որքանով է դա հարվածում այս կողմին: Այդ տեսակետից, երբ ես խոսում էի Վրաստանի և Հայաստանի մասին, որոնք ԵՄ և ԵԱՏՄ սահմանագիծ են, մենք հակված ենք առաջ շարժվելու: Վերջիվերջո արձանագրված է նույն ԵԱՏՄ պայմանագրով, որ այն առաջնորդվելու է ԱՀԿ-ի սկզբունքներով, գնում է դեպի առավել լիբերալ տնտեսություն, այսինքն` ապագան ոչ միայն տնտեսական միավորումների ստեղծումն է, առանց որի պետությունները առանձին-առանձին չեն կարող գործել, այլև` իրենց մեջ հարաբերությունների հաստատումը և համագործակցությունը:
Եվ ես մի բան էլ ավելացնեմ: Մենք նաև մի շատ կարևոր հարց ենք լուծում: Բացի տնտեսական հզոր բլոկի մեջ մտնելուց ու նաև հաշվի առելով, որ այդ ապագա միության հետ արդեն տասնյակ պետություններ ցանկանում են համագործակցել, մենք հաշվի առնենք նաև մի հանգամանք, որ այդ անդամակցությամբ մենք նաև լուրջ քայլեր ենք կատարում` Ադրբեջանի քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ, որն ուղղված է Հայաստանի տնտեսական մեկուսացմանը, ակնհայտ է որ դա ամենևին ձեռնտու չէ Ադրբեջանին, ամենևին։
– Պարոն Քոչարյան, պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ. Հայաստանը հանկարծ որոշում է ինչ-որ ժամանակ հետո, որ ցանկանում է դուրս գալ, և ձեռնտու չէ այդ անդամակցությունը: Ընթացակարգը ինչպե՞ս է, մյուս անդամ պետությունները պետք է նորից համաձայնությու՞ն տան:
– Ուրեմն` ընդունվելն է կոնսենսուսային համաձայնությամբ, իսկ դուրս գալը` ոչ: Պայմանագիրը նախատեսում է, որ պետությունը իր պարտավորությունները պետք է մարի, որ դուրս գա: Այս բոլորը սահմանված է իրենց պայմանագրով, թե ինչպես կարող է ցանկացած անդամ պետություն դուրս գալ:
– Կապ չունի՞՝ մյուսները համաձայն են, թե ոչ:
– Դուրս գալու համար համաձայնություն պետք չէ, իսկ մտնելու համար՝ միայն կոնսենսուսով:
– Խոսում ենք, որ տնտեսական այս կամ այն առավելությունները ունի, քաղաքական առավելությունները ունի Ադրբեջանի հետ կապված փոխհարաբերությունների հարցերում՝ տնտեսական մեկուսացման հետ կապված, և այլն: Բայց այսօր Ռուսաստանը` այն հիմնական դոմինանտ ներկայացուցիչը ԵԱՏՄ-ի, հայտնի է, որ գտնվում է տնտեսապես ոչ լավ վիճակում` հաշվի առնելով պատժամիջոցները, ի վերջո Ռուսաստանի դեմ դրանք անընդհատ խստացվում են, ռուբլու փոխարժեքը օր օրի նվազում է, նվազում են նաև նավթի համաշխարհային գները. կանխատեսումները լավ չեն: Ճի՞շտ է արդյոք, արդարացվա՞ծ է արդյոք այս պայմաններում մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Գոնե հետձգվեր՝ ի վերջո հաշվի առնելով մեր տնտեսական-քաղաքական իրավիճակը:
– Իրականում եթե մենք խոսենք Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների, առևտրաշրջանառության ծավալների մասին, ապա կան շատ մեծ տարբերություններ: Այն տատանումները, որը ունենալու է Ռուսաստանը, միևնույն է, չեն փոխի այն հանգամանքը, որ Ռուսաստանը ամեն դեպքում մնում է հզոր առևտրատնտեսական գործընկեր՝ Հայաստանի համար: Մենք դա էլ պետք է գիտակցենք: Եվ ամենակարևորը, վերջիվերջո, մենք պետք է ամեն ինչ դիտարկենք ավելի լայն «հորիզոնով»: Ոչ մի պատժամիջոց հավերժ չէ, նույնիսկ մեր հարևան Իրանի դեմ պատժամիջոցների հարցում այսօր միտում կա՝ կամաց-կամաց դրանցից ազատվելու: Վերջիվերջո ժամանակակից աշխարհում պատժամիջոցները չեն, որ բերում են արդյունքի: Իսկ մենք Իրանի հետ ունենք շատ երկար փորձ՝ աշխատելու հենց պատժամիջոցների պայմաններում: Ռուսաստանի նկատմամբ այսպիսի խիստ պատժամիջոցներ չկան, իհարկե, մենք պետք է հույս ունենանք, որ բոլոր հարցերը հարթվելու են, և նորից եմ կրկնում, որ, վերջիվերջո, ապագան ոչ թե բևեռացումն է` այսպես սև ու սպիտակի բաժանելով, այլ՝ համագործակցությունը: Եվ անխուսափելի է Եվրասիական Տնտեսական Միության և Եվրոպական Միության համագործակցությունը, որը բխում է և ԵՄ-ի, և ԵԱՏՄ-ի շահերից:
– Հարցս ուղղում եմ Ձեզ` որպես մարդ, ով երկար տարիներ ընդդիմություն է եղել, ծավալել է կուսակցական գործունեություն՝ որպես քաղաքական գործիչ: Ընդդիմության մասին եմ հարցնում, որ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին, այստեղ հանրահավաքներ էին անում Հայ Ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստանը, Ժառանգությունը, նաև միացավ Ստեփան Դեմիրճյանը՝ իր կուսակցությունով: Պատահակա՞ն էր արդյոք ընտրված այդ օրը, որովհետև տարբեր կարծիքներ կան, որովհետև արդեն հնչում էր կարծիք, որ այդտեղ Ռուսաստանի մատը խառն է, որ եթե հանկարծ Հայաստանը որևէ քայլ փորձի անել, հետ կանգնել, ճնշում գործադրվի` ներքաղաքական զարգացումներ հրահրելով: Ւ դեպ, նաև ցանկանում եմ մեջ բերել ոչ իշխանական կուսակցություններից մեկի խոսքը. «Դուք` իշխանություններդ, ռուսներին ներկայացնում եք, թե Հայաստանի ընդդիմությունը հանրահավաքներ է անում՝ Եվրասիական Միության անդամակցությունը կասեցնելու համար, իսկ ամերիկացիներին ներկայացնում եք, թե հանրահավաքների նպատակը այդ անդամակցությանը աջակցելն է»:
– Ես պարզ ասեմ՝ որպես իշխանությունների ներկայացուցիչ: Կարծում եմ, որ այդ հանրահավաքը հիմնականում կապ չուներ մեր անդամակցության հետ, որովհետև եթե դա լիներ նպատակը, ապա կլինեին համապատասխան կարգախոսեր: Իհարկե, այնտեղ ընդդիմադիր կուսակցություններից մեկը, որը կտրուկ դեմ է, խոսել է:
– Այո, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ ծաղրեց մարդկանց, որոնք ունեն այդ կողմնորոշումը:
– Առաջին՝ արձանագրենք, որ դա չէր հանրահավաքի նպատակը։ Երկրորդ՝ մի քիչ ինձ համար տարօրինակ է միտքը, որ Հայաստանը կարող էր քայլ անել դեպի հետ: Այդպիսի միտում չի էլ եղել:
– Այդ դեպքում ինչո՞ւ հենց նույն օրը եղավ հանրահավաքը։
– Դա չգիտեմ։ Դա արդեն կազմակերպիչները թող ասեն։
– Միգուցե իսկապես տոնո՞ւմ էին ԵԱՏՄ մուտքը, որովհետև բոլորը հիմնականում ոգևորված էին:
– Դժվարանում եմ ասել, բայց մի բան կարող ենք արձանագրել, որ հանրահավաքի ձողը, այսպես ասած՝ հիմնական կարգախոսը, այն չէր, որ ուղղված է Հայաստանի անդամակցության դեմ:
– Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանում բողոքի ալիք չբարձրացավ՝ անդամակցության հետ կապված:
– Երևի մարդիկ ունեն իրենց հաշվարկները և տեսնում են, որ, այնուամենայնիվ, գումարային, դա Հայաստանի համար ձեռնտու է:
– Պետք է ամեն դեպքում ԵԱՏՄ-ի պարագայում ասել, որ սա միակ և հիմնական հարցն էր, որտեղ իշխանություններն ու ընդդիմությունը համակարծիք էին: Ու նույնիսկ արտաքին քաղաքական հարցերի մեջ օրակարգ չմտավ, ծաղրի ենթարկվեց այսքան կարևոր խնդիրը:
– Նախ չասենք, որ դա միակն է. մենք ունենք մի հարց, որտեղ մենք ունենք շատ լայն հասարակական կոնսենսուս, դա Ղարաբաղի հարցն է: Եկեք դա էլ ֆիքսենք, ու ամեն անգամ, նաև այս ամռանը, երբ օգոստոսին Ադրբեջանը հերթական անգամ փորձեց իր արկածախնդրությունը իրականացել, մենք տեսանք՝ ինչպիսի միավորում տեղի ունեցավ:
– Բայց հակառակը ուղղակի չեմ պատկերացնում, որ լիներ։ Հասկանո՞ւմ եք։
– Ու դա շատ լավ է, որ մենք այլ կերպ չենք պատկերացնում: Ուրեմն կա ևս մեկ հարց, որտեղ մենք ունենք ընդհանուր կոնսենսուս, որտեղ և՛ ժողովուրդը, և՛ կուսակցությունները, և՛ ՀԿ-ները միանգամից միավորվում են: Ես չեմ ուզում համեմատել ԵԱՏՄ-ի հարցը Ղարաբաղի հետ: Մյուս կողմից նաև արձանագրենք, որ ինքնին այն հանգամանքը, որ չկա այդպիսի սուր քննադատություն, հիմնավորված…
– Ղարաբաղի չափ կարևո՞ր հարց էր ընդդիմության համար ԵԱՏՄ-ի հարցը:
– Ավելի ճիշտ, կարծում եմ, որ փաստարկներ չունեն: Միգուցե ծանոթանալով…
– Փաստարկներ չունե՞ն, թե՞ իսկապես որոշումները այնտեղ ևս կայացվում են Ռուսաստանից:
– Ի՞նչ է նշանակում՝ «ևս»: «Եվս» բառը իր մեջ արդեն ուրիշ երանգ է պարունակում: Ես ավելի շատ հակված եմ մեր ընդդիմադիր գործընկերներին հարգալից վերաբերվել: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, կուսակցությունները գնահատում են ամբողջական այս իրավիճակը, նայում են բոլոր տեսանկյուններից: Տեսեք, ես ասացի՝ Ադրբեջանի շահը այն է, որ դա չլիներ…
– Ավելի կարևոր խնդիրներ կան, օրինակ, «Կարմիր գծեր», «Ճանապարհատրանսպորտային տեսախցիկներ», ինչեր ասես քննարկվեցին, նույնիսկ՝ Սյունիքի մարզպետի հարցը, քան այս ԵԱՏՄ-ի՝ արտաքին քաղաքականության այս վեկտորի հարցը: Այսինքն ավելի կարևո՞ր էր, ես չեմ հասկանում:
– Քանի որ արդեն հասանելի է պայմանագիրը, քանի որ դեռ նոր պիտի քննարկվի, վերջիվերջո, մտնելու է նաև Ազգային ժողով, մարդիկ արդեն այդ ընթացքում ավելի խորքային ծանոթանալու են, միգուցե մենք տեսնենք նաև ձևակերպումներ, որոնք, այսպես ասած, փորձում են մեզ ասել, որ «դուք այստեղ սխալ եք», և դա շատ լավ կլինի: Այսինքն` կարծում եմ, որ քննարկումները, ըստ էության, դեռ առջևում են, որովհետև երկու մոտեցում կա. մեկը` չիմանալով ինչի մասին է խոսքը ասել «ոչ»՝ մի մոտեցում, որը, փառք Աստծու, մեր ընդդիմությունը չի որդեգրել, երկրորդը` ունենալ մի փաստաթուղթ, որից հետո խոսել ըստ էության, իսկ այդ հնարավորությունը ԱԺ-ում լինելու է: Որովհետև եթե մենք հորդորում ենք մեր գործընկերներին, որ իրենք մինչև տարվա վերջ ավարտեն վավերացումը, ապա, բնական է, մենք էլ պետք է դա անենք: Այսինքն` մեր Ազգային ժողովում սպասվում են քննարկումներ` կապված պայմանագրի վավերացման հետ:
– Ինչպես ռազմաբազաների հարցում եղավ, այդպես էլ կքվեարկեն. երեք կարծեմ, թե չորս ձեռնպահ եղավ: Առաջիկայում Փարիզում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, արդյոք ինչո՞վ է սա պայմանավորված, որովհետև այս ընթացքում ինչ-որ շատ արագ մի քանի հանդիպումներ տեղի ունեցան: Եվ արդյոք ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին որևէ կերպ կա՞զդի, կանդրադառնա՞ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, թե՞, այնուամենայնիվ, սա զուտ Մինսկի խմբի շրջանակներում է:
– Երկու պատճառ կա. առաջինը, որ բանակցային գործընթացը դոփում է տեղում, և երկրորդը, որ, այնուամենայնիվ, օգոստոսյան դեպքերը՝ Ադրբեջանի այդ փորձերը՝ ներխուժելու թե՛ ԼՂՀ տարածք, թե՛ ՀՀ տարածք, հանգեցրին նրան, որ տեղի ունեցան զինադադարից հետո ամենալայնածավալ գործողությունները: Ցավոք, այստեղ եղան զոհեր և ոչ միայն զինվորների, այլ նաև՝ խաղաղ բնակչության շրջանում, որը, բնականաբար, չէր կարող չգրավել առաջին հերթին հենց համանախագահողների ուշադրությունը: Եվ հիմա տեսեք` Ռուսաստանի նախագահը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, նույն այդ նպատակով հրավիրել է նաև Ֆրանսիայի նախագահը, Քերրին կազմակերպել էր հանդիպում:
Այսինքն` դա խոսում է նրա մասին, որ համանախագահողները անհանգստացած են, որովհետև…
– Հիշում ենք նաև ամերիկացի համանախագահ Ուորլիքի խոսքը։
-Որովհետև խնդիրը ո՞րն է: Նրանք ունեն երկու առաքելություն. առաջինը, նպաստել, որ կողմերը գան փոխզիջումային համաձայնության, ճի՞շտ է. այստեղ գործընթացը տեղում է դոփում, երկրորդ առաքելությունը, որ թույլ չտան, որ այս փխրուն զինադադարը նորից վերածվի ռազմական գործողությունների: Եթե դա սկսվի, կնշանակի, որ իրենք իրենց երկրորդ առաքելությունը չեն կատարել: