
Պոլսո պատրիարքի առողջական վիճակի վատթարացումը երեք տարի թաքցվել է հայ համայնքից

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով հիվանդանոցում է հայտնվել 2008 թվականի մայիսին, սակայն իրականում նրա հիվանդությունը թաքցվել է երեք տարի:
Այս մասին հայտարարել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արդաշ Աքդաղը: Նա հայտարարել է, որ 2008 թվականի մայիսից անգիտակից վիճակում գտնվող պատրիարքի առողջության համար ծոմ են պահել ու աղոթել երեք օր շարունակ՝ հոկտեմբերի 9-11-ին, ինչն աննախադեպ է վերջին 7 տարվա համար:
Հոկտեմբերի 11-ին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պատարագ է մատուցել Սամաթիայի Սուր Գևորգ եկեղեցում, ինչից հետո հոգևորականներն այցելել են Մութաֆյանի հիվանդասենյակ՝ իրենց հետ բերելով մյուռոն ու աղոթելով պատրիարքի առողջության բարելավման համար:
Աքդաղն ընդգծել է, որ նման հիվանդները հաճախ կյանքին հրաժեշտ են տալիս վարակման պատճառով, և որ իրենք պատրիարքի համար արել են հնարավոր ամեն բան՝ վարակման ռիսկը նվազագույնի հասցնելու համար: Աքդաղի խոսքերով՝ ներկայումս պատրիարքին միացված են շնչառական ու սնման սարքեր.
«Բժիշկներն ասում են, որ այդօրինակ հիվանդները միջին հաշվարկով կարող են ապրել 10 տարի: Այս պահին նա հատել է 10 տարվա շեմը: Հիվանդությունն ի հայտ է եկել 2004 թվականին, սակայն պատրիարքի առողջական վիճակը երեք տարի թաքցվել է հայ համայնքից»: