Ծառուկյանը հասկացրեց, որ ինքը ուզում է լսել իրեն սպասարկողներին, ու որ վերջին խոսքը իրենն է լինելու. Պետրոս Մակեյան

«Առաջին հայացքից հրապարակը լեփ-լեցուն էր, բայց դա հիմնականում ԲՀԿ-ի կողմից բերված ժողովուրդն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական հայրենիք» կուսկցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած քառյակի հանրահավաքի մասին:

Պ. Մակեյանի խոսքով՝ հանրահավաքում հնչեց այն, ինչ ասվում էր վերջին ամիսներին,  որին միացավ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հայտարարելով, որ նոր շարժում է սկսում. «Ես կարծում եմ՝ երբեք հնարավոր չէ մեկ հանրահավաքով, այն էլ նման ձևով բերված ժողովրդով, շարժում հայտարարել: Նրա ելույթի մնացածը նույն 2008 թվականի մտքերն էր, ու որևէ նոր բան չկար»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է առանց միասնական օրակարգի հաջողության հասնել, քանի որ «Ժառանգության» առաջնորդը ասել է, որ քառյակը չունի միասնական օրակարգ, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ իրենք չէ, որ պետք է այդ օրակարգը մշակեն: Եթե իրենք ունենան քաղաքական կամք, որ քայլ անեն, ապա, կարծում եմ՝ կարող են հաջողության հասնել, իշխանափոխության հասնել, որովհետև ժողովուրդն այսօր այնքան է զզված այսօրվա իշխանություններից, վարչախմբից, որ կգնա ցանկացածի ետևից, միայն թե ազատվի սրանցից: Բայց երկիրը և ժողովուրդը չի շահելու: Եթե տեսականորեն նայենք, դա նույնիսկ բացասական արդյունք կլինի, որովհետև ժողովուրդը ևս մեկ անգամ կհայտնվի հիասթափության շրջափուլում: Դրա համար՝ տեսնենք՝ իրենց ի՞նչ կհանձնարարեն, իշխանությունները՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանը, ո՞նց կպահի, որովհետև բոլոր դեպքերում, ես բազմիցս ասել եմ, որ ԲՀԿ-ն չի կարող անկախ լինել իշխանություններից, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանից: Տեսնենք՝ ինչ կվորոշեն Քոչարյանը և Սերժ Սարգսյանը:

Քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այդ հանրահավաքը լինելու է «միասնական ծրագրերի և միասնական քայլերի հանրահավաք: Ժողովուրդը քայլեր ունի իրականացնելու և գալու է իրականացնելու այդ քայլերը»:

Կարդացեք նաև

Մեր հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին էլ ժողովուրդը պատրաստ էր և պահանջում էր հարթակում կանգնածներին քայլեր իրականացնել, սակայն նրանց չընդառաջեցին, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց.

«Ինչ սպասեց ժողովուրդը 2008-2011 թվականներին, նույն սպասումը պետք է ունենա հանրահավաքից ու հանրահավաքներից, եթե լինելու են հաջորդները:

Բնական է, որ առաջին հանրահավաքով 90% բերված ժողովրդով քայլ անելն անիմաստ է: Ես կարծում եմ՝ երկրորդ հավաքին էլ պետք է իրենք ժողովուրդ բերեն, այսինքն՝ էլի ինքնահոս, ինքնակամ, ժողովուրդը չի գալիս առայժմ: Եթե իրենց խոսքը հստակ լինի, մեսիջները հստակ լինեն, կարծում եմ՝ ժողովուրդը կգնա թեկուզ սրանց հետևից, որ ազատվի վարչախմբից, բայց քանի որ իրենց ասելիքը իրենցից կախված չէ, դժվար թե այդ ասելիքն իրենք ասեն: Կարծում եմ՝ այս պահին գնում է ներքին պայքար Սերժ Սարգասյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, ոչ թե իրար հոշոտելու, այլ՝ առաջիկայում ով է լինելու իրենցից թիվ 1 պատասխանատուն»:

Պ. Մակեյանի խոսքով՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ հարթակում կանգնած կուսակցության ղեկավարների միջև պայքար էր ընթանում. «Հարթակում գնում էր, այսպես ասած, պայքար, թե ով է տերն այդ հավաքի: Լևոն Տեր-Պետրոսյանն իր ոճով ներկայացավ, որ ինքն է քավորը, Ծառուկյանն էլ հասկացրեց, որ ինքը ուզում է լսել իրեն սպասարկողներին, որ վերջին խոսքը իրենն է լինելու, մյուս հանրահավաքին կասի: Ժողովրդի 90 %-ը բերված ժողովուրդ է, և էլի կբերեն, եթե պետք լինի, ուրեմն՝ խնդրի չկա: Հետո էլ, ի՞նչ պետք է ասի Ծառուկյանը, ասի, որ 15 տարի թալանել է ժողովրդին, հիմա էլ ժողովրդի համա՞ր է աշխատում»:

 

Տեսանյութեր

Լրահոս