Ինչու է կալանավորը փախել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից. նա երեկ ձերբակալվել է Վրաստանում (տեսանյութ)

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանը երեկ առավոտյան հայտնաբերվել է Վրաստանի հանրապետությունում և ձերբակալվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը: Նա նշեց, որ Սուրեն Գաբրիելյանի փախուստի պատճառը կապված է նրա առողջության հետ, նա նպատակ չի ունեցել խուսափել պատժից, իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ Ս. Գաբրիելյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Նա նշեց, որ Սուրեն Գարբրիելյանը կալանավորվել է 1 տարի առաջ և մինչև փախուստը գտնվել է անազատության մեջ: Մանրամասնելով կալանավորի փախուստի պատճառները՝ Հակոբ Ճարոյանն ասաց, որ 30.04.2014թ. նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել քննիչն՝ որոշում կայացնել Սուրեն Գաբրելյանի նկատմամբ համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Փաստաբանի խոսով՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ներկայացրել է այն պատճառով, որպեսզի պարզեն՝ արդյոք Սուրեն Գաբրիելյանը տառապո՞ւմ է հիվանդությամբ, որն ընդգրկված է կառավարության համապատասխան որոշման հավելվածում՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում»:

Փաստբանի խոսքով՝ բավարարելով իր միջնորդությունը՝ քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել:

14.05.2014թ. ստացված փորձաքննության մեջ նշվել է, որ Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցեռոզ հիվանդությամբ: «Իրականում կա նաև եզրակացություն, որ Հայաստանի Հանրապետությունում դա հնարավոր չէ բուժել, պետք է կատարվի լյարդի փոխպատվաստում, որը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ: Դրանից հետո անմիջապես ես դիմում եմ գլխավոր դատախազին հետևյալ խնդրանքներով՝ կայացնել որոշում կալանավոր Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կամ՝ ստորագրություն չհեռանալու մասին, կամ՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին, հանձնարարել, որ քննչական խմբի ղեկավարը կայացնի որոշում՝ Սուրեն Գաբրիելյանին ժամանակավորապես Շվեյցարիայի Համադաշնություն մեկնել թույլատրելու մասին անհրաժեշտ բուժում ստանալու եւ լյադրի փոխպատվասումն իրականացնելու համար»,- ասաց Հակոբ Ճարոյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ գլխավոր դատախազն իր դիմումը մակագրել է գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործով վարչությանը, որի դատախազը մերժել է իր միջնորդությունը՝ ակնհայտ անհմին լինելու պատճառով: Փաստաբանի խոսքով՝ իր միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ դատախազը նաև նշել է, որ հիվանդության պատճառով Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը պարզելու համար վարույթն իրականացնող նախաքննական մարմնին ցուցում է տրվել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում հանձնաժողովային կարգով դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Փաստաբանի խոսքով՝ այս փորձաքննության մեջ ևս նշվել է, որ Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցեռոզ հիվանդությամբ, ունի շաքարախտ: Խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը կրկին մերժվել է: փաստաբանի խոսքով՝ որոշում է կայացվել նշանակել երրորդ փորձաքննությունը, որի կատարումը հանձնարարվել է առողջապահության նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին:

Փաստաբանի խոսքով՝ այս փորձաքննությունը ևս նշել է Սուրեն Գաբրիելյանի մոտ առկա հիվանդությունները: Հակոբ Ճարոյանն ասաց, որ Սուրեն Գարբրիելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ ևս մեկ անգամ դիմել է դատախազին. «Ինձ, կարելի է ասել, բանավոր հայտարարում են, որ փաստորեն ինչ էլ ուզում եք, արեք, իրեն չենք ազատելու»: Փաստաբանի խոսքով՝ այդ մասին հայտնել է Սուրեն Գաբրիելյանին, և արդեն սեպտեմբերի 16-ին Սուրեն Գաբրիելյանը փախուստի է դիմել:

Նրա խոսքով՝ փորձաքննությունների եզրակացությունների ուսումնասիրությունից պարզվում է, որ Սուրեն Գաբրիելյանի մոտ առկա հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության «Կալանավորված անձանց եւ դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման թիվ 2-րդ հավելվածի «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» ցանկում:

Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իրեն առաջադրված մեղադրանքներում Սուրեն Գարբրիելյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ՝ չվստահելով նախաքննական մարմնին: Հակոբ Ճարոյանն ասաց, որ մի քանի օր առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը, կողմերին տրամադրվել են 34 հատոր կազմող քրեական գործի նյութերը՝ ծանոթացման համար:

Տեսանյութեր

Լրահոս