Մելիտա Հակոբյանը Շրջանառության հարկի օրենքի մասին. «Եթե իրոք ստվերից ուզեն հանել, ապա շատ էլ լավ կարող են անել դա»

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկությունների լուծարման պատճառ հանդիսացող հարկային օրենսդրությանը, 5 տոկոս սոցիալական վճարներին ասաց, որ իրենց տեղեկություններով բավականաչափ փոքր խանութներ փակվել են, իսկ ամեն փոքր խանութի փակվելու հետ աշխատանքից զրկվում է մոտ 3 մարդ:

«Խանութների փակվելու պատճառը սնկի պես աճող սուպերմարկետներն են: Այլ երկրներում սուպերմարկետները հիմնականում գտնվում են քաղաքից դուրս, գները շատ ցածր են, մարդիկ կարողանում են մեկ շաբաթվա թե՛ սննդամթերքի, թե՛ լայն սպառման պաշարները գնել: Իսկ մեզ մոտ սուպերմարկետները կարծես կերել են փոքր խանութներին: Այսինքն՝ մենք մի կողմից խրախուսում ենք մանր ու միջին բիզնեսի զարգացումը, մյուս կողմից՝ խժռում դրանց: Սա մեր առաջին խնդիրն է»,-ասաց նա:

Ըստ նրա՝ տեղական արտադրողները ավելի ծանր վիճակում են, քան ներկրողները. «Պետությունը պետք է հասկանա, որ տեղական արտադրանքը մեզ մոտ վերահսկելի է, իսկ ներկրված արտադրանքի դեպքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Այլ երկրներում հարկային դաշտի օրենքի փոփոխություններ կարղ են լինել 5-10 տարին մեկ, իսկ մեզ մոտ դրանք դարձել ծամոն ծամելու նման՝ ամեն օր փոխվում են: Ամսի մեկից նոր օրենք է ուժի մեջ մտնում, բայց մարդկանց մանրամասն չեն տեղեկացնում օրենքի մասին: Այսպիսի երիտասարդ երկրում պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զարգացնենք տեղական արտադրությունը»,- նշեց նա:

Այն հարցին, թե Շրջանառության հարկի մասին նոր օրենքն արդյո՞ք ստվերում գործող տնտեսվարողին բացահայտելու, թե՞ փոքր ընկերությունների գործունեությունը դժվարեցնելու համար է, նա պատասխանեց, որ եթե իրոք ստվերից ուզեն հանել, ապա շատ էլ լավ կարող են անել դա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս