Մի շարք ընկերությունների ստուգման արդյունքում հայտնաբերվել են միլիոնավոր դրամների լրացուցիչ պարտավորություններ
Ֆինանսների նախարարությունը սեպտեմբերի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 16 ստուգումների արդյունքում արձանագրվել է 110.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Առավել ուշագրավ են հետևյալ ընկերություններում կատարված ստուգումները. «ՎԱՀՄԵՐ» ՍՊԸ՝ 23.4մլն դրամ, «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ՝ 22.6մլն դրամ, «ԱՌՄԲԻԼ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ԷՅ ԹԻ ԷՄ ՍԻ» ՍՊԸ՝ 8մլն դրամ, «ՄԱՌՄԵԼ-ԱՐՄԱՆԻ» ՍՊԸ՝ 5.2 մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 57 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 40-ի մոտ՝ հսկիչ գնումներ և 29-ի մոտ՝ ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, արձանագրվել է 4.8 մլն դրամի տուգանք: Իրականացված չափագրումների արդյունքում նախորդ ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է շրջանառությունների աճ` 411մլն դրամի չափով: