Բակո Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» կոչում է շնորհել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին Գանձասարի վանական համալիրում մասնակցել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գխավոր վարչությունից։ 

Իր խոսքում Նախագահը կարևորել է եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի և Արցախի կյանքում՝ ընդգծելով, որ առանց մայր եկեղեցու անհնարին կլիներ գոյատևել, պահպանել մեր ազգային ինքնությունն ու ավանդույթները, հասնել հաղթանակների: 

Ավելի վաղ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչում շնորհելու մասին` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։ 

Նախագահ Սահակյանը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին բնութագրել է որպես ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, ով հանդիսանում է Արցախը խորհրդանշող կերպարներից մեկը` հավելելով, որ նա արժանիորեն շարունակում է պատմական Գանձասարի մեծ առաջնորդների հերոսական գործը: 

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Տեսանյութեր

Լրահոս