«Մի թուրքի հետ շամպայն խմելու համար՝ չարժե գնալ հանդիպման». Քաղաքագետը` սփյուռքահայերին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` երեկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հնչեցրած հայտարարությանը՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, ասաց.
«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից:
Միշտ էլ ասվել է` չեն վավերացնում, թող չվավերացնեն, ինչո՞ւ պետք է խառնվենք իրար. երբ մեզ պետք լինի, մենք հետ կվերցնենք: Կարծում եմ` ճիշտ ժամանակն է, որ պարզվի, թե Թուրքիան ինչ է ուզում: Սակայն այս մասին հայտարարությունը դեռ չի նշանակում, որ արձանագրությունները հետ են կանչված, բայց Թուրքիային ու նրանց բարեկամներին դրա մասին զգուշացված է»:
Քաղաքագետի կարծիքով` հանցագործները ոչ թե Թալեաթներն են, Էնվերները, այլ ցեղասպանության հանցագործը թուրքական պետականությունն է. «Պետությունն է հանցագործ` իր հետագա ամեն մի նախագահով ու վարչապետով, որոնք անընդհատ ցեղասպանության արդյունքը մարսում են: Այնպիսի պետություն, որը ոճիրը կատարել է, հանցանքը չի ընդունել, պետք է կազմալուծվի: Թուրքերը մի օր կանգնելու են համաշխարհային դատարանի առաջ և պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ կատարած իրենց ոճիրների համար: Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանենք»:
Ըստ Լ. Շիրինյանի` սփյուռքահայերի հանդիպումը Էրդողանի հետ չպետք է լինի, դա սխալ քայլ է. «Էրդողանի առաջ պետք է հարց դրվի` ընդունո՞ւմ են ցեղասպանությունը, թե՞ ոչ: Եթե ընդունում է, նստեն՝ խոսեն, եթե՝ ոչ, ապա խոսելու ոչինչ չկա: Դա պետք է լինի առաջին քայլ: Հետո` հարց պիտի դրվի նաև սփյուռքահայերին, առևմտահայերի ժառանգներին քաղաքացիություն առանց որևէ պայմանի շնորհո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այս պայմանները չեն կատարվելու, եթե ցեղասպանությունը Թուրքիան չի ընդունելու, ապա մի թուրքի հետ շամպայն խմելու համար չարժե գնալ հանդիպման: Պետությունն ուրիշ բան է, հայությունը դա չպետք է անի, արմատական սխալ է թույլ տալիս»: