Գարիբաշվիլին հայտնել է, թե ինչի հաշվին է Վրաստանը գրավիչ դարձել միջազգային ներդրումների համար
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Նյու Յորքում կազմակերպված Invest in Georgia տնտեսական սիմպոզիումի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում օրենքի գերակայությունն ու իշխանությունների կողմից կոռուպցիային հայտարարած անզիջում պատերազմը երկիրը գրավիչ են դարձրել ներդրողների համար.
«Վրաստանն արդեն այն երկիրը չէ, ինչ 20 տարի առաջ էր: Վրաստանում կարող են լինել ամենացածր հարկերը և բիզնեսը խթանող այլ գործոններ, սակայն ներդրողներն ամեն դեպքում ներդրումեր չեն անի երկրում, եթե այնտեղ չտիրի օրենքի գերակայություն:
Մենք Վրաստանում վերադարձրել ենք օրենքի գերակայությունը, անզիջում պատերազմ ենք հայտարարել կոռուպցիային ու վերջակետ ենք դրել պաշտոնատար անձանց անպատժելիությանը: Վրաստանը բիզնեսի համար դարձել է ոչ միայն բաց, այլև՝ անվտանգ երկիր:
Բիզնեսի համար շահավետ ռազմավարությունը, առևտրային սերտ հարաբերությունները, Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում Վրաստանի գտնվելն էլ ավելի են ակտիվացնում տնտեսական աճն ու ներգրավում են միջազգային ներդրումներ:
Վրաստանի կառավարությունն արդեն իսկ աշխատում է այն նախաձեռնությունների ուղղությամբ, որոնք ներդրողների համար կնվազեցնեն ռիսկերը: Ստեղծվել են պետական ու մասնավոր ներդրումային հիմնադրամներ, որոնց տրամադրության տակ կան միլիարդներ»:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տնտեսությունն արագորեն աճում է, իսկ զբոսաշրջությունը վերածննդի ճանապարհին է: