
Վրաստանի վերջնական նպատակը Եվրոպայի ու գլոբալ տնտեսության մաս կազմելն է. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մասնակցել է Միջազգային տնտեսական դաշինքի (IEA) կազմակերպած Invest in Georgia ամենամյա 7-րդ գլոբալ ներդրումային սիմպոզիումի աշխատանքներին:
Գարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի տնտեսությունն արագորեն աճում է, իսկ զբոսաշրջությունը վերածննդի ճանապարհին է: Գարիբաշվիլու խոսքերով՝ նախորդ տարի Վրաստանի գյուղատնտեսական ոլորտն աճել է գրեթե 10 տոկոսով, իսկ արդյունաբերությունը՝ գրեթե 7 տոկոսով:
Գարիբաշվիլին դա հնարավոր է համարել զգալի բարեփոխումների ու ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ: Նրա տվյալներով՝ նախորդ տարի Վրաստան է այցելել 5 միլիոն մարդ, ինչը 22 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ.
«Թբիլիսիի հյուրանոցները հաճախ զբաղված են լինում ավելի քան 70 տոկոսով: Պլանավորված է նաև հազար նոր հյուրանոցի բացում: Իշխանություններն ակտիվորեն աշխատում են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև արդեն իսկ առկա ծառայությունների դիվերսիֆիկացման ուղղությամբ:
Վրաստանը ազատ առևտրային հարաբերություններ ունի գրեթե բոլոր հարևան երկրների հետ: Այդ հարաբերությունների շնորհիվ, 2013 թվականին արտահանման աճը կազմել է 20 տոկոս (ավելի քան 1.1 միլիարդ դոլար): Աճը շարունակվում է նաև 2014 թվականին:
2014 թվականի առաջին վեց ամսում արտահանումն աճել է 15 տոկոսով՝ համեմատած 2013 թվականի նույն ժամանակահատվածի հետ: Նախնական կանխատեսումներով՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շնորհիվ դեպի ԵՄ Վրաստանի արտահանման ծավալը կաճի 12 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներկրումը կաճի 7.5 տոկոսով:
2014 թվականի առաջին կիսամյակին Վրաստանի ու ԵՄ-ի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 635 միլիոն դոլար, ինչը 15 տոկոսով ավելին է՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Վրաստանի վերջնական նպատակը Եվրոպայի ու գլոբալ տնտեսության մաս կազմելն է»: