Ո՞վ կհաղթի ՄԻ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի մրցույթում. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՄԻ Եվրոպական դատարանի հայաստանյան դատավորի պաշտոնը ստանձնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը։

Վերջինս ՄԻՊ պաշտոնից հրաժարական տվեց 2011 թվականին և նշանակվեց Կենտրոնական Ասիայամ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ։ ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը։

Երեկ հայտեր ներկայացնելու վերջին ժամկետն էր, և մեր տեղեկություններով, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր դառնալու 11 թեկնածու է ինքնաառաջադրվել։ Նրանց անունները, չգիտես ինչու, գաղտնի են պահվում։
Երեկվա դրությամբ մեզ հաջողվել է ճշգրիտ պարզել 11 թեկնածուներից մի քանիսի անունները։

Եվ այսպես, ըստ խիստ հավաստի և ճշտված տեղեկությունների, մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել միջազգայնագետ, փաստաբան Արա Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանը. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, Լոռու մարգի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը, ում այդ պաշտոնից ազատեց ՀՀ գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պաշտոնը ստանձնելուց օրեր անց։

Մինչ Լոռու մարզի դատախազի պաշտոնում նշանակվելը, Ղարախանյանը Արմավիրի դատախազն էր։ Նա համարվում է ՀՀ նախկին գյխ. դատախազ, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կադրը։ Բացի այս, մեր ունեցած նախնական տեղեկություններով, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորներից մեկը։

Հիշեցնենք, սույն մրցույթի անցկացման ամենագլխավոր պայմաններից մեկը, որը ԵԽ ԽՎ-ն դրել է Հայաստանի առջև, թափանցիկությունն է, և անհասկանալի է, թե ինչո՞ւ մրցույթի մասնակիցների անունները չեն հրապարակվում»։

Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս