Բանդայի գործով կհարցաքննվի մատնադրոշմային փորձաքննություն կատարած փորձագետը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր բանդայի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը հրապարակեց գործով ամբաստանյալների վերաբերյալ նախկինում դատարանների կողմից կայացրած դատավճիռները:
Փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը դրանց հրապարակումից հետո ասաց, որ իր պաշտպանյալ Արթուր Մանուկյանի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ արձանագրված է, որ նա դատապարտված է, սակայն մեղադրողի կողմից հրապարակված դատական ակտից երևում է, որ նա դատապարտված չի եղել, այլ նա ուղարկվել է հարկադիր բուժման, քանի որ հանցագործությունը կատարել է անմեղսունակության վիճակում:
Փաստաբան Կարեն Հակոբյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալին այս գործում ներքաշելու հանգամանքը պայմանավորված է եղել զուտ նրանով, որ նա նախկինում մասնակցել է Գուրգեն Հայրապետյանի մասնակցությամբ կատարված ավազակային հարձակումներին: Նա դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նախկինում ավազակությունների ձեռագիրը չի համապատասխանում ներկայումս իր պաշտպանյալին վերագրվող ավազակությունների ձեռագրին.
«Այնտեղ խոսքը գնում էր բանդայի կողմից անձանց առևանգելու և հետագայում ինչ-որ գումար պահանջելու մասին: Պաշտպանյալս նշված հանցագործությունների քննության ընթացքում, ինչպես նշեց հարգելի մեղադրողը հրապարակման ժամանակ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր դատական գործընթացների ժամանակ, իր մեղքը հիմնավոր է եղել և համապատասխանել է իրականությանը: Սակայն այս պարագայում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում, որը կրկին ևս որպես անձը բնութագրող հանգամանք վկայում է այն մասին, որ վերջինս առնչություն չունի վերագրվող հանցագործություններին»: փաստաբանի այս հայտարարությունից հետո մեղադրող դատախազն էլ ասաց, որմարդը զարգացող էակ է, և շատ նորմալ է, որ մարդ իր ձեռագիրը փոխել է, «հատկապես երբ մի անգամ այդ ձեռագրով ավազակային հարձակումներ է կատարել և բացահայտվել է».
«Բնական է, որ հաջորդ ավազակային հարձակումների ժամանակ պետք է ձեռագիրը փոխեր, եթե նա ադեկվատ մարդ էր, պետք է փոխեր և ավելի կատարելագործեր իմ հմտությունները»: Նա նշեց նաև, որ նախկինում մեղքն ընդունելու և այժմ չընդունելու մասին հայտարարությունն էլ իր մոտ տարակուսանք է առաջացնում:
Ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի պաշտպանը դատարանին խնդրել էր ներկայացնել Գուրգեն Հայրապետյանի վերաբերյալ նախկինում կայացրած դատավճիռները: Ըստ մեղադրանքի՝ նա Գուրգեն Հայրապետյանի հետ է ստեղծել բանդա: Գուրգեն Հայրապետյանը, ինչպես հայտնի է, վնասազերծման ժամանակ մահացել էր:
Փաստաբանը դատավճիռներն ուսումնասիրելուց հետո այսօր դատարանում բացառեց, որ բանդայի գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը (նա դատաքննության ընթացքում մահացել է) և Գուրգեն Հայրապետյանը ճանաչել են միմյանց: Դատարանում այսօր հրապարակվեցին նաև ամբաստանյալ Արտուշ Հակոբյանի հեռախոսազանգերի վերծանումները. դատռավորի խոսքով՝ ըստ մեղադրական եզրակացության Նապոլեոն Ազիզյանի տան վրա իրականացրած ավազակային հարձակումը եղել է առավոտյան 5-ի սահմաններում, այդ օրը գիշերը ժամը 3-ից մինչև առավոտյան 11-ը նրա հեռախոսը չի ֆիքսվել, չի սպասարկվել:
Դատարանն այսօր մասնակիորեն բավարարեց Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությունը. իր տված եզրակացության շուրջ ցուցմունք տալու համար դատարան կհրավիրվի մատնադրոշմային փորձաքննություն կատարած փորձագետը: Դատարանն այսօր մերժեց ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանանելու մասին: