Առաջարկում են խախտումներ թույլ տված ընկերություններին ներառել սև ցուցակում
«Կան միջնորդավորված գնումներ, որոնց դեպքում պետությունը առնվազն 10%, 20%, 30% վնաս է կրում: Կան մրցույթներ, որ հաղթողը ո՛չ ներկրող է, ո՛չ արտադրող: Տվյալ դեպքում պետությունը, բնական է՝ վնաս է կրում: Կան գնումներ, որ հաղթում է օֆշորային գոտում գրանցված ընկերություն, որ ՎՊ-ն չի կարող գնալ, ստուգել և այդ գնումների արդյունավետությունը խիստ կասկածի տակ է»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
Նա հայտնեց, որ կառավարության հետ համաձայնություն կա, որ գնումների կարգը վերանայվի. «Սա բարդ խնդիր է, կառավարությունում կա հանձնաժողով, դիմել են մեզ, մեր մասնագետների հետ աշխատում են մեխանիզմների վրա, և ժամանակի խնդիր է, գնումների համակարգում լրիվ նոր մեխանիզմ պետք է կարողանանք ներդնել»:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ խախտումներ թույլ տված ընկերությունները կարելի է ներառել սև ցուցակում, որպեսզի չկարողանան մասնակցել պետգնումներին:
Ի.Զաքարյանը հաստատեց, որ նման պրակտիկան տարածված է աշխարհում, որ ընկերությունները ներառվում են սև ցուցակում և 1-2 տարի զրկվում են պետական միջոցներով հայտարարվող գնումների գործընթացներին մասնակցությունից: