
Աջարիայում առատ տեղումների պատճառով տարհանում է կազմակերպվել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արևմուտքում գրանցված տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Օզուրգետիի շրջանում տարհանվել է 10 ընտանիք: Առատ տեղումների պատճառով իրենց ափերից դուրս են եկել երկու գետեր՝ Բժուժին ու Նաթանեբին:
Ամենաշատը տուժել են Օզուրգետիի շրջանի գյուղերը, փակվել են ավտոճանապարհները, դպրոցներում դադարեցվել է ուսումնական գործընթացը: Առատ անձրևների պատճառով ջրով են լցվել Բաթում քաղաքի բնակելի շենքերի առաջին հարկերը:
Ուժգին անձրևների ու քամու պատճառով սեպտեմբերի 21-ին Աջարիայում շարքից դուրս են եկել էլեկտրահաղորդագծերը, վնասվել են գազատարի տարբեր հատվածներ: Կոբուլետիի փողոցները նույնպես ջրածածկ են եղել: Ծովում մոլեգնող փոթորիկը գնահատվում է 5 բալ: