Վանաձորում անչափահաս Դավիթ Հովակիմյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

2013թ. հոկտմբերի 12-ին Վանաձորում անչափահաս Դավիթ Հովակիմյանին սպանելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևի գործի նախաքննությունն ավարտվել է. այն շուտով կուղարկվի դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա նշեց, որ ամիսներ շարունակ Կարեն Կունգուրցևը մեղադրվել է Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս. այժմ նրան նոր մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ 34-104-րդ հոդվածի 1-ին մաս:

Արայիկ Պապիկյանը նշեց, որ Կարեն Կունգուրցևը այժմ էլ չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը. նա հրաժարվել է ստորագրել դատավարական այն փաստաթղթերը, որոնք ներկայացրել է քննիչը:

Ըստ փաստաբանի՝ իրականության չի համապատասխանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Կարեն Կունգուցևը խոստովանական ցուցմունք է տվել: «Ոստիկանական բաժին տանելուց հետո մինչ օրս Կարեն Կունգուրցևը երբեք խոստովանական ցուցմունք չի տվել»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ նախաքննությունը չի կատարվել օրենքով սահմանված կարգով, տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ: «Որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց մինչ օրս չկա: Ընդամենը կա անչափահաս վկայի ճանաչում, ով երեկոյան ճանաչել է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ երբ իր պաշտպանյալին ճանաչման են ներկայացրել, նա եղել է ձեռնաշղայով և նրա կողքին ոստիկան է կանգնած եղել:

«Ընդ որում, այդ նույն անչափահասի հետ դեպքից հետո ժամերի ընթացքում՝ մի քանի ժամերի ընթացքում, չորս անգամ քննչական գործողություն է կատարվել: Ընդ որում, առաջին երկուսում նա ընդհանրապես ժխտել է, որ տեսել է կամ մասնակցել է այդ միջադեպին:

Հետագայում արդեն սկսում է ցուցմունք տալ, որ ինքը տեսել է Կունգուրցևին, բայց մինչ այդ նրա հետ կատարված գործողություններում նա ժխտում է: Նաև հարց է առաջանում՝ անչափահաս 15-ամյա պատանուն երեկոյան ժամը 7-ի սահմաններից մինչև առավոտյան 4-ի, 5-ի կողմը քննչական մարմնում պահում են, պարբերաբար նրա հետ քննչական գործողություններ կատարում: Ի վերոջ, մեր կարծիքով՝ նախաքննական մարմինը հասնում է նրան, որ այդ պատանին «Ճանաչում է» Կարեն Կունգուրցևին»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

«Մեղադրանքի հիմքը և էությունը կայանում է հետևյալի մեջ, որն ընդհանրապես տրամաբանություն չունի. երբ Կունգուրցևն անցնում էր այգով, նրա կողքով վազելու ժամանակ այդ պատանիներից մեկը բարձրաձայն հայհոյում է վանաձորցիներին:

Կունգուրցևը, լսելով այդ հայհոյանքը, շրջվում է և լսելու վայրից մինչև դանակահարություն վայրը, ըստ քննիչների վարկածի, մոտավորապես 200 մետր, հետևում է այդ պատանուն: Ընդ որում, տեսանյութում երևում է՝ Կարենը քայլում է շատ հանգիստ, նրանք վազքով են գնում: Մոտ 200 մետր գնալուց հետո ով հայհոյել է, նրան դանակահարում է»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ հանցագործության գործիքը չի հայտնաբերվել: «Ըստ երեխաներից մի քանիսի ցուցմունքի՝ իբր Կարենը դանակահարելուց հետո դանակը դրել է աջ գրպանում և հեռացել դեպքի վայրից: Այդ հագուստի գրպանի վրա եղել է արյան հետք, և առաջինը ենթադրվում է, որ քանի որ դանակը դրվել է այդ գրպանը, արյան հետքը պետք է պատկաներ մահացող պատանու արյան խմբին:

Գենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դա բոլորովին կապ չունի մահացող երեխայի արյան խմբի հետ, դա պատկանում է Կարեն Կունգուրցևին, այսինքն՝ հագուստի տիրոջը»,- նշեց փաստաբանը:

Նա հայտնեց նաև, որ դեպքի վայրի զննությունը կատարվել է դեպքից 1 կամ 2 օր հետո՝ մոտավորապես ժամը 19:00-ի սահմաններում, բնական լուսավորվածության բացակայության պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս