
Պուտինն ու Նազարբաևը կքննարկեն ԵՏՄ-ի շրջանակներում փոխգործակցության հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան, ուր իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ միասին կմասնակցի երկու երկրների Միջտարածաշրջանային համագործակցության XI ֆորումին:
Այս մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, ըստ որի՝ այդ ֆորումի լիագումար նիստից առաջ երկու երկրների նախագահները կանցկացնեն առանձին հանդիպում: Ռուսաստանն ու Ղազախստանը նման ֆորումներ անցկացնում են 2003 թվականից: Նախորդ ֆորումն անցկացվել է Եկատերինբուրգում:
Ենթադրվում է, որ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահները քննարկելու են ռուս-ղազախական հարաբերություններին և ձևավորվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող այժմեական հարցեր: