Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ իշխանությունը բավականին լուրջ ձեռնոց է նետել ընդդիմությանը
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իշխանությունը բավականին լուրջ ձեռնոց է նետել ընդդիմությանը՝ մի քանի առումներով. «Առաջինը անուղղակի ասում է՝ եթե դուք շահագրգռված եք համակարգի փոփոխությամբ, իսկ քայակի բազմաթիվ քաղաքական ուժեր մշտապես կրկնել են, որ համակարգի փոփոխություններ են պետք, հետևաբար՝ համեցեք փոխելու այդ համակարգը:
Իշխանության երկրորդ ուղերձն ընդդիմությանը հետևյալն է՝ եթե դուք մասնակցեք այս փոփոխություններին և Սահմանադրությունը փոխվի, ապա կլինի ձեր ուզածը, եթե չփոխեք, ապա կմնա նույնը, կամ էլ՝ վատթարագույն դեպքում անց կկացվի այն, ինչը շրջանառության մեջ է դրվել»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ երկու դեպքում էլ շահում է իշխանությունը: Այսինքն՝ իշխող կուսակցության համար լավ է և՛ այս Սահմանադրությունը, և՛ եթե այն փոխվի. «Հատկապես եթե ոչ իշխանական կուսակցությունները հրաժարվեն մասնակցել դրան և փոխել այն տեսքը, որն այս պահին առաջարկված է: Հետևաբար՝ սահմանադրական փոփոխությունների խնդիրը մարտահրավեր է ընդդիմությանը և ոչ իշխանական կուսակցություններին»,- նկատեց նա:
Բանախոսը նշեց, որ ընդդիմադիր կուսակցություններին այնքան էլ չի հաջողվում դրան պատասխանել. «Նախ՝ բացատրությունները, թե ինչու իրենք չեն մասնակցում այդ տարբերակին, առնվազն չեն կարող համոզիչ լինել շատ լայն շերտերի համար: Չմասնակցել և թողնել, որ ընդունվի առաջարկվող տարբերակը նշանակում է՝ ոչինչ չանել: Հետևաբար, չմասնակցելու և բոյկոտի գնալու տարբերակն այնքան էլ ապագա չունի»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ ճիշտ կլիներ, եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը այդքան կտրուկ չդնեին փոփոխություններին չմասնակցելու խնդիրը. «Նախ՝ Հայաստանում որևէ գործընթացի չմասնակցելու այլընտրանքը հաստատապես ավելի լավը չէ՝ քաղաքական դիվիդենտների առումով, երկրորդ՝ ի վերջո, հասարակությունը սպասում է, որ ոչ թե ընդդիմությունը պետք է թողնի, որ իշխանությունը իր դարպասներն ավելի առաջ մղի, այլ, որ ընդդիմությունը պետք է իր դիրքերն ամրապնդի: Ցավոք, ընդդիմությունը դա չի անում»,- կարծում է նա: