
Ֆրանսիայում կասեցրել են Սարկոզիի դեմ կոռուպցիոն գործի հետաքննումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզի Վերաքննիչ դատարանը կասեցրել է կոռուպցիոն գործի հետաքննումը, որով անցնում էր երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին: Նրան մեղադրում են անձնական նպատակներով ծառայողական դիրքը չարաշահելու և իր «ազդեցությունը վաճառելու» մեջ:
Գործակալությունն ընդգծում է, որ չնայած Վերաքննիչ դատարանի այդ որոշմանը, բոլոր մեղադրանքները չեն հանվել Սարկոզիի, ինչպես նաև նրա փաստաբան Թիերի Էրզոգի վրայից, որին նույնպես կասկածում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ: Սակայն հետաքննությունը դադարեցվել է այնքան ժամանակ, մինչև որ դատարանը որոշում կկայացնի տվյալ գործի ճակատագրի մասին:
Նիկոլա Սարկոզիին հուլիսի 1-ին կանչել էին ոստիկանություն, ուր և նրան պաշտոնապես մեղադրանքներ էին ներկայացրել կոռուպցիոն գործունեություն ծավալելու, անձնական նպատակներով ծառայողական դիրքը չարաշահելու և սեփական «ազդեցությունը վաճառելու» մասին:
Սեպտեմբերի 19-ին Սարկոզին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մտադիր է վերադառնալ քաղաքականություն ու պայքարել «Հանուն ժողովրդական շարժման միություն» (UMP) կուսակցության նախագահի պաշտոնի համար, ինչը հաջողեցնելուց հետո նա կարող է 2017 թվականին հավակնել պետության ղեկավարի պաշտոնին: