
Օլանդն ու Ռոուհանին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հարցը:
Ռոուհանին հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է վստահությունը, և որ Արևմուտքը պետք է գիտակցի Իրանի տարածաշրջանային ազդեցությունը: Ֆրանսիայի նախագահն իր հերթին հայտարարել է, որ «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունները պետք է հնարավորինս շուտ հանգեցնեն համապարփակ վերջնական համաձայնագրի ստորագրմանը:
Օլանդը հավելել է, որ այդ համաձայնագիրը կարող է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ համեմատած անցյալի հարաբերությունների հետ: Օլանդը կարևորել է նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցում երկու երկրների միջև համագործակցությունը:
Նրա խոսքերով՝ Փարիզն ու Թեհրանն ահաբեկչության դեմ պայքարի կամպանիայում պետք է աջակցեն Իրաքի կառավարությանը: Միևնույն ժամանակ Օլանդը հույս է հայտնել, որ զագացում կապրի երկու երկրների միջև արդյունաբերական համագործակցությունը: