
Ադրբեջանում օրենքներն անասելիորեն բարդացնում են ՀԿ-ների գործունեությունը. Օբամա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Քլինթոնյան գլոբալ նախաձեռնության տարեկան նիստում, անդրադարձել է քաղաքացիական հասարակության զարգացման հարցերին՝ ընդգծելով, որ ավտորիտար երկրներում ընդդիմադիր մարդիկ ենթարկվում են նպատակամղված ճնշման.
«Մենք անգութ հարձակումների ականատեսն ենք լինում Ռուսաստանից սկսած մինչև Չինաստան ու Վենեսուելա, ուր կառավարությունը տարակարծությունը գնահատում է որպես պետական դավաճանություն:
Այնպիսի տեղերում, ինչպիսին Ադրբեջանն է, օրենքները չտեսնված կերպ բարդացնում են ՀԿ-ների գործունեությունը: Այդպիսի հարձակումներով վարչակարգերը կանխում են հասարակության զարգացումը, նրանց զրկում են ազատությունից ու բարեկեցությունից»:
Օբաման կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանքի տակ վերցված առաջնորդներին ու քաղաքացիական հասարակության վրա հարձակումները գնահատել է որպես հարձակում ժողովրդավարության վրա:
Վերջին ամիսներին Ադրբեջանում խստացվել են քաղաքացիական հասարակության վրա հարձակումները: Կալանավորվածների թվում են հայտնվել հայտնի իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսները, Անար Մամեդլին, Ռասուլ Ջաֆարովը, Ինթիգամ Ալիևը: