Բաժիններ՝

Դավիթ Սարգսյանը պնդում է, որ կապ չունի «Հայկական Միրգ» ԲԲԸ-ի հետ

«Հայկական Միրգ» ԲԲԸ-ում Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում բացահայտված աղաղակող խախտումները, շատերի կարծիքով, աններելի են պետական միջոցներով և գյուղատնտեսությանն աջակցելու համար ստեղծված ընկերության համար: Ինչպե՞ս կարող էր կառավարության ֆինանսավորմամբ գործող ընկերությունը նման անփութություն ցուցաբերել և վարկային միջոցներից իրեն հատկացված 10 մլն դոլարն այդպես անարդյունավետ ծախսել: Այս հարցի պատասխանը, ըստ շրջանառվող լուրերի, ընկերության իրական սեփականատերերի ով լինելու մեջ է, մասնավորապես՝ «Հայկական Միրգ»-ը կապում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի հետ:

168.am-ը Դավիթ Սարգսյանին խնդրեց մեկնաբանել տարածված տեղեկությունը, թե արդյոք ինքը «Հայկական Միրգ» ընկերության սեփականատե՞ր է:

«Ոչ, ես որևէ կապ չունեմ: Ավելին՝ միակ սեփականատերը պետությունն է: «Հայկական միրգը» պետական է»,- ասաց Դ.Սարգսյանը:

Նշենք, որ պետական ռեգիստրում որպես «Հայկական միրգ» ԲԲԸ-ի հիմնադիր նշված է միայն ՀՀ կառավարությունը: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ. փետրվարին: Դրա տնօրենների խորհուրդը ղեկավարում է գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել էր, որ «Հայկական Միրգ»-ը իտալական կազմակերպությունից Հայաստանում պատվաստելու համար ձեռք է բերել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու՝ 16.5 մլն դրամ արժեքով: Սակայն դրանք ամբողջովին փչացել են՝ իտալացի փորձագետի մեղքով, որին 6.4 մլն դրամ աշխատավարձ է վճարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս