
Ինչու է ժողովուրդը փախչում Հայաստանից՝ ըստ Աշոտ Մանուչարյանի

«Հայաստանի բանկային համակարգը վաղուց ավերել է Հայաստանը: Ժողովուրդը, որ փախչում է երկրից՝ բանկային համակարգի պատճառով է փախչում: Հայաստանի բանկերը մեծ տոկոսով վարկեր են տալիս, մարդիկ չեն կարողանում հետ վերադարձնել դրանք և ստիպված տունը գրավ են դնում կամ վաճառում ու վճարում բանկին, իրենք էլ փախչում են երկրից: Հետևաբար, եթե Հայաստանի բանկային համակարգի դեմ սկսվեն գործողություններ, ինչպես Ռուսաստանի դեմ է արվում, մեր բանկային համակարգը ոչնչացվի, ապա Հայաստանը միայն կշահի»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` այն պատժամիջոցները, որոնք մեզ ստիպում են վերանայել մեր ամբողջ կոնցեպցիան, նպաստում են մեր զարգացմանը:
Զարգացման համար նա տեսնում է երկու ճանապարհ, որոնցից առավել արդյունավետը համարում է հայության ամբողջականացումը. «Մարտահրավերները հսկայական են ամբողջ մոլորակով մեկ և հայությունը եթե ամբողջականանա, ապա շատ շատերի համար մենք կարող ենք նպաստավոր դեր խաղալ և ինքներս էլ դրանով նոր կարգավիճակ կստանանք: Բայց մենք սա չենք ընտրում, որովհետև մեզ ոչ-ոք չի թելադրում, մեր ներսից առաջացած գաղափար է, իսկ դրսից մեզ թելադրվեց երկրորդ ձևը` Եվրասիական տնտեսական միությունը, որը զարգացման ինչ-որ հնարավորություն կարող է ստեղծել, որովհետև զարգացման ուրիշ տրամաբանություն առայժմ չի երևում»,-ասաց նա: