
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներևի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից բանաձև ընդունելուն:
Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած այսօրվա բանաձևը «ամբողջովին կանխակալ ու անհիմն է»:
Աբդուլաևի խոսքերով` «Ադրբեջանում ամբողջովին ապահովվում է օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունն ու ազատ հանրահավաքների անցկացումը, դատական համակարգի անկախությունը:
Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում ու դատապարտվում իր քաղաքական համոզմունքների կամ քաղաքական գործունեության համար: Ինչպես որ յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակությունում է, ուր ապահովվում է օրենքի գերակայություն, Ադրբեջանում նույնպես ոչ ոք իրավասու չէ իրեն օրենքից վեր դասել: Տվյալ բանաձևը հանդիսանում է սուբյեկտիվ վերաբերմունքի ցուցիչ և ուղղված է Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելուն»:
Աբդուլաևն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Եվրախորհրդարանը տվյալ բանաձևն ընդունել է սեպտեմբերի 20-ին Հարավկովկասյան գազային միջանցքի ընդլայնման և TANAP գազատարի հիմնարկեքի արարողությունից առաջ, որը նշանակված է սեպտեմբերի 20-ին: