
Կառավարությունը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է համագործակցել ՀՀ կառավարության հետ

Կառավարությունը քննարկել է «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Օրինագծով սահմանվում է «սահմանապահ համայնք» հասկացությունը, մի շարք արտոնություններ են նախատեսվում այդ համայնքների բնակիչների համար: Իր եզրակացության տեքստում կառավարությունը ողջունում է նախաձեռնության հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակադրումը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի 2014թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի առաջարկությունների հիման վրա կձևավորվի արտոնություն սահմանող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով խնդիրը համապարփակ և ամբողջական լուծում կստանա:
Կառավարությունը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և համագործակցել ՀՀ կառավարության հետ` Ազգային ժողովի քննարկմանը միասնական և ամբողջական նախագծերի փաթեթ ներկայացնելու համար: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ կառավարության նախաձեռնած այս օրինագիծը, որն ուղղված է սահմանամերձ համայնքների բնակչության աջակցությանը, պետք է համալրվի ԱԺ պատգամավորների ողջամիտ առաջարկություններով և ծառայի իր նպատակին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: