Ֆեյսբուքյան սկանդալի մասին բացատրություն է վերցվել նաև Հովհաննես Թոքմաջյանից

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Տիգրան Պետրոսյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անվան հետ կապված սկանդալին, ասաց, որ սեպտեմբերի 5-ին Ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի կողմից կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ընդունվել է հաղորդում այն մասին, որ Հովհաննես Թոքմաջյանի կայքէջին ապօրինի հասանելիություն է ստացվել անհայտ անձի կողմից և նրա էջում գրանցված ընկերներին ուղարկվել են որոշակի հաղորդագրություններ:

«Մեր կողմից նախապատրաստվել են նյութեր այս հաղորդման հիման վրա, վերցվել են բացատրություններ գործին առնչվող բոլոր անձանցից, նյութերն ուղարկվել են այն ժամանակ քննչական գլխավոր վարչություն, ներկայիս կոմիտեի հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վաևրչություն, և գործը ներկայումս գտնվում է հենց այդ վարչության վարույթում, հարուցվել է քրեական գործ 254-րդ հոդվածի 1-ին մասով: Ինչքանով ես եմ տեղյակ, գտնվում է քննչական ակտիվ գործողությունների փուլում»,- ասաց Տ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բացատրություն է վերցվել նաև Հովհաննես Թոքմաջյանից:

Լրագրողների հարցին՝ արդյոք ֆեյսբուքյան էջը ջարդե՞լ են և նամակագրական կապն արհեստական ստեղծե՞լ, թե դա եղել է, պարզապես բացահայտել են, Տիգրան Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ դեռ փորձաքննության պատասխաններն էլ չկան: Փորձաքննությունները նշանակվել են քննիչի կողմից, և դրանց պատասխանները լինելու դեպքում արդեն գնահատական կտրվի՝ արդյոք խոսքը վերաբերում է միայն համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալո՞ւն, թե՞ նաև անձնական տեղեկատվություն հրապարակելուն կամ կեղծելուն: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն և միայն փորձաքննությունների արդյունքում»:

Տեսանյութեր

Լրահոս