Մնացածը կկազմակերպի Ծառուկյանը

Երեկ հայտնի դարձավ, որ ոչ իշխանական ուժերի արդեն եռյակի հանրահավաքը կայանալու է հոկտեմբերի 10-ին: Սակայն դեռևս հայտնի չէ հանրահավաքի վերջնական օրակարգը ու դրանից բխող գործողությունները: Եթե, իհարկե, ընդհանրապես գործողություններ լինելու են: Եռյակի ներկայացուցիչներն ընդհանուր գծերով ասում են, որ հանրահավաքում հնչելու է իշխանությանը ներկայացված 12 պահանջների կատարման վերաբերյալ ոչ իշխանական ուժերի գնահատականը և անդրադարձ է կատարվելու սահմանադրական փոփոխություններին: Բայց արդյոք այդ ընդհանրական օրակարգը ենթադրելո՞ւ է կոնկրետ անելիքներ, շարունակականություն, դեռևս հայտնի չէ: Միաժամանակ եռյակի անդամներն արդեն իսկ շրջանառության մեջ են դրել մի վարկած, որի նպատակը, ըստ ամենայնի, հանրահավաքի տապալման դեպքում մեղքը հասարակության վրա բարդելն է:

Օրինակ, այսօր կայացած ասուլիսում եռյակի անդամ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե հանրահավաքին հաջորդող զարգացումները կախված են լինելու նրանից, թե ինչպիսի ակտիվությամբ կմասնակցեն քաղաքացիները հանրահավաքին: «Հասարակությունն ինքը պետք է իր բացականչություններով, իր ներկայությամբ, իր էներգետիկայով ուղղորդի քաղաքական ուժերին: Եթե հասարակությունը չելավ ակտիվ պայքարի, ապա այդ դեպքում ինքներդ կորոշեք, թե հետագայում Հայաստանին ինչ է սպասվում: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը վճռորոշ կլինի, թե ինչ կլինի հետագայում, միայն դրանից հետո պարզ կլինի»,- ասել է Մարտիրոսյանը:

Նույն միտքը տարբեր ձևակերպումներով վերջին օրերին հայտնել են նաև եռյակին մաս կազմող մյուս կուսակցությունների՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի անդամները: Ընդհանրապես ընդունված է, որ քաղաքական պայքարն առաջնորդում են քաղաքական ուժերը՝ իրենց հետևից տանելով հասարակությանը: Մինչդեռ, ինչպես երևում է մեր ոչ իշխանականների հայտարարություններից՝ Հայաստանում հակառակն է:
Քաղաքական ուժերը սպասում են, թե հանրահավաքին մասնակցող քաղաքացիներն իրենց բացականչություններով ինչպես կուղղորդեն հարթակում կանգնած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Այս մոտեցումը բավական ուշագրավ է՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա հանրահավաքի «տեխնիկական դետալները»:

«Ժառանգության» ու ՀԱԿ-ի կողմից կազմակերպված վերջին հանրահավաքները ցույց են տվել, որ այդ ուժերն այլևս ի վիճակի չեն հրապարակում գոնե մի քանի հազար քաղաքացի հավաքել: ՀԱԿ-ի պարագայում եթե անգամ դա հաջողվել է, հաջողվել է ԲՀԿ-ի ստվերային աջակցությամբ՝ ավտոբուսներով մարզերից քաղաքացիներ բերելու միջոցով:

Մի խոսքով, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, հասկանալի է, «լցնելու» է ԲՀԿ-ն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այդ թվում՝ վանկարկումների, բացականչությունների բովանդակության «ինստրուկտաժով»: Դա նշանակում է, որ «քաղաքացիները» հաստատ չեն վանկարկելու «ոչ կառավարությանը», էլ ավելի հաստատ՝ չեն վանկարկելու՝ «Սերժիկ, հեռացիր»:

Ամենայն հավանականությամբ, նրանք վանկարկելու են՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Ծառուկյան, նախագահ»:

Այդպիսով՝ ԲՀԿ-ն ևս մեկ անգամ, արդեն՝ նաև Ազատության հրապարակում, ցույց կտա ոչ իշխանական ուժերի շարքում իր դոմինանտությունը, Գագիկ Ծառուկյանն էլ հպարտությամբ կհետևի, թե ինչպես են հարթակում կանգնած ՀԱԿ-ականներն ու ժառանգականները լսում «Ծառուկյան, նախագահ» բացականչությունները: Ըստ ամենայնի՝ հենց դա է լինելու հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հիմնական «արդյունքը», որն, իհարկե, կապ չի ունենալու հասարակության սպասելիքների հետ:
Այդ «արդյունքով» ԲՀԿ-ն ընդամենն ամրացնելու է իր դիրքերն իշխանության հետ առևտրում:

Եթե առևտուրը բարեհաջող ընթացք ունենա, հնարավոր է՝ ԲՀԿ-ն դրա արդյունքներից բաժին հանի նաև ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը»: Եթե ոչ՝ վերջիններս կբավարարվեն «բազմամարդ հանրահավաքի» հարթակում կանգնելու բարձր պատվին արժանանալով:

 

Տեսանյութեր

Լրահոս