«Իսլամական պետություն» խմբավորումը սպառնալիք է ողջ մարդկության համար. Ռոուհանի

Ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է հանդիսանում մարդկության համար:

Ռոուհանին նման կերպ է մեկնաբանել «Իսլամական պետության» կողմից ԱՄՆ-ի քաղաքացիներ Ջեյմս Ֆոուլիի ու Սթիվեն Սոտլոֆի, ինչպես նաև բրիտանացի Դևիդ Հեյնսի սպանությունները.

«Իսլամական մշակույթի ու օրենքների տեսանկյունից անմեղ մարդու սպանությունը հավասարեցվում է ողջ մարդկությանը սպանելուն: Դրա համար էլ անմեղ մարդկանց սպանելն ու գլխատելը մտահոգություն ու տխրություն են առաջացնում ողջ մարդկության մոտ»:

Իրանի նախագահը վստահեցրել է, որ Իրանը «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում Իրաքին կհատկացնի ամեն անհրաժեշտ օգնություն՝ ընդգծելով, որ արաբական այդ երկրում գտնվող մուսուլմանական սրբավայրերը պետք է լինեն պաշտպանության ներքո.

«Երբ մենք ասում ենք «կարմիր գիծ», ապա դա նշանակում է, որ մենք ահաբեկիչներին թույլ չենք տա, որ նրանք գրավեն Բաղդադը կամ Քերբելա ու Նեջեֆ քաղաքներում գտնվող շիական կրոնական սրբավայրերը»:

Զինյալների դիրքերին ամերիկյան ավիահարվածների հետ կապված՝ Ռոուհանին ընդգծել է, որ դրանք պետք է իրականացվեն Իրաքի կառավարության ու ժողովրդի ցանկությամբ:

Տեսանյութեր

Լրահոս