Արմեն Մարտիրոսյանը՝ հանրահավաքի մասին. Հասարակությունն ինքը պետք է իր բացականչություներով, իր ներկայությամ ուղղորդի քաղաքական ուժերին
Այսօրվա ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին՝ ասաց, որ զարգացումներն ընդհանրապես կախված են լինելու նրանից, թե որքան ակտիվությամբ կմասնակցեն մեր քաղաքացիները:
Նա համոզմունք հայտնեց, որ այս դեպքում ամեն ինչ գտնվում է հասարակության ձեռքում. «Հասարակությունն ինքը պետք է իր բացականչություներով, իր ներկայությամբ, իր էներգետիկայով ուղղորդի քաղաքական ուժերին: Եթե հասարակությունը չելավ ակտիվ պայքարի, ապա այդ դեպքում ինքներդ կորոշեք, թե հետագայում Հայաստանին ինչ է սպասվում: Այնուամենայնիվ, հոկտեմբերի 10-ի հանրահավաքը վճռորոշ կլինի, թե ինչ կլինի հետագայում, միայն դրանից հետո պարզ կլինի»:
Հայաստանում, իհարկե, հանրահավաքները նորություն չեն, սակայն դե ֆակտո դրանք ոչ մի լուրջ արդյունքի չեն բերել, որևէ դրական տեղաշարժ դեռևս չի եղել. իշխանությունները որոշակի ծրագիր են մշակում և անպայմանորեն կյանքի կոչում, իսկ ընդդիմությունը նորից հանրահավաքներով է սպառնում:
Կոնկրետ ի՞նչ քայլեր, դրույթներ, գործողություններ, ծրագրեր է մշակել ընդդիմությունը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ, արդյոք սա կլինի՞ այն հանրահավաքը, որից իսկապես որևէ բան կախված կլինի, որից հետո իսկապես որևէ դրական փոփոխություններ, զարգացումներ կլինեն՝ 168.am-ի այս հարցին Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ գործողությունների մասին դեռևս վերջնական որոշումներ չկան, բայց ցանկացած դեպքում առանց ծրագրավորման իրենք չեն գնա հանրահավաքին.
«Ընդ որում՝ դա ոչ թե մեկ սցենար պետք է կանխատեսի, այլ մի քանի, որովհետև ամեն ինչ իսկապես կախված է լինելու նրանից, թե մեր քաղաքացիներն ինչպիսի ակտիվություն են ցուցաբերելու պայքարի համար: Եթե հասարակությունն իմ պատկերացրած ակտիվությունն ունենա, ապա մենք Հայաստանում կունենանք նոր իշխանություն, դա կլինի այն գործընթացի սկիզբը, որը կարճ ժամանակ հետո կբերի նոր իշխանության»: