Սուքիաս Ավետիսյան. Երբևէ որևէ հանրահավաք իշխանության համար սպառնալիք չի եղել
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հավդիպման ժամանակ՝ խոսելով ներքաղաքական զարգացումների և քառյակի վերջին հայտարարության մասին, ասաց, որ քառյակի ներսում եռյակը որոշում է կայացրել:
«Քառյակը եռյակ է մնացել, թե հնգյակ կդառնա, դա իրենց խնդիրն է: Ցանկալի է, որ քառյակը որպես այդպիսին մնա, որովհետև նման աշխատանքը մեզ ավելի զգաստ է պահում և կարողանում ենք ավելի արդյունավետ աշխատել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ հետաքրքիրն այն է, որ հանրահավաք անցկացնելու է եռյակը, բայց հանդես են գալիս քառյակի անունից, իսկ պատճառաբանությունն այն է, որ 12 կետերը քառյակով են ընդունել, ուրեմն հանրահավաքում կխոսեն այդ 12 կետերի մասին քառյակի անունից:
Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս՝ նա ասաց, որ Դաշնակցությունը հստակ հայտարարել է, որ իրենք կողմ են դրան, իսկ «Ժառանգությունն» առաջարկություններ արեց, որոնք ճիշտ կլինի քննարկել, երբ կլինի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. «Ես չգիտեմ, թե իրենք ինչպես են պատկերացնում առանց սահմանադրական բարեփոխումների՝ կառավարման համակարգի փոփոխությունը: Առանց սահմանադրական բարեփոխումներ անելու որևէ բան կառավարման համակարգում չի կարելի անել»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Լրագրողների այն հարցին՝ արդյոք քառյակի հանրահավաքը կարո՞ղ է սպառնալիք լինել իշխանության համար, Ս. Ավետիսյանը պատասխանեց, որ երբևէ որևէ հանրահավաք իշխանության համար սպառնալիք չի եղել.« Իրենց դիրքորոշումը կարող են արտահայտել ԱԺ ամբիոնում, բայց գերադասում են ԱԺ ամբիոնից զատ՝ հանրահավաքներում հնչեցնել իրենց տեսակետները: Երբեմն որոշ քաղաքական գործիչներ ոգևորվում են՝ տեսնելով հարյուր մարդ և փորձում են իրենց ավելի հզոր զգալ, ասել, որ իրենք կարող են ամեն ինչ անել, բայց դա այդպես չէ: Պետք է ավելի կոռեկտ լինել և հնչեցնել կոնկրետ խնդիրներ»: