
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն այսօր կդիտարկի Ուկրաինային, Մոլդովային ու Վրաստանին դաշնակցի կարգավիճակ տալու հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովն այսօր կդիտարկի Ուկրաինային ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակ տրամադրելու հարցը՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցության:
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (Դեմոկրատական կուսակցություն) և Բոբ Կորկերը (Հանրապետական կուսակցություն) ներկայացրել են «Ուկրաինայի ազատության աջակցման ակտ 2014» (Ukraine Freedom Support Act of 2014) օրինագիծը: Այդ օրինագիծն Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը որակում է որպես ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներ՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու:
Միևնույն ժամանակ օրինագիծը նախատեսում է ընդլայնել Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ ու պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցները, ինչպես նաև մեծացնել Ուկրաինային ռազմական և ոչ ռազմական օգնության ցուցաբերումը:
Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովը մտադիր է տվյալ օրինագիծը դիտարկել այսօր՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում Ուկրաինայաի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթից հետո: