Բաժիններ՝

«Վրացական երազանքը» ընտրել է Սաակաշվիլու կուսակցության ուղին. Բուրջանաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Միացյալ դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն իշխող «Վրացական երազանք» դաշինքին մեղադրել է ստելու և նախկին իշխանությունների, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության ուղին ընտրելու մեջ:

Բուրջանաձեն նման կերպ է մեկնաբանել Վրաստանի ԱԳՆ-ի ու նախագահի աշխատակազմի փոխադարձ մեղադրանքները՝ կապված երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ամերիկյան այցի ձախողման հետ:

Վրաստանի նախագահը ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք կլիմայական հարցերով գագաթաժողովին հրավերը երկրի ԱԳՆ-ից ստացել է ուշացումով: ԱԳՆ-ը դա բացատրել է նրանով, որ ՄԱԿ-ից ստացված առաջին նամակում եղել է սխալ, որ հրավերը ստացվել է «Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու» անունով:

Դրա հետ կապված՝ Բուրջանաձեն հայտաարել է. «Այն ժամանակ, երբ երկիրը կանգնած է կարևորագույն մարտահրավերների, կարևորագույն խնդիրների առջև, մեր կառավարությունը, ղեկավարությունը, խորհրդարանն ու նախագահի աշխատակազմը զբաղված են վեճերով:

«Վրացական երազանքը» ընտրել է «Ազգային շարժման» ուղին, այն է՝ բնակչությունից թաքցնել իրական վիճակը: Պետք է ուղիղ ասել, որ մեզ խաբում են բոլոր ուղղություններով՝ լինեն դրանք տնտեսական ուղղվածության, թե երկրի անվտանգության հետ կապված կարևորագույն հարցեր»:

Բուրջանաձեն ընդգծել է, որ իշխանության գալուց հետո «Վրացական երազանքը» չի իրականացրել որևէ կարևոր բարեփոխում, ինչն ի ցույց է դնում նրա թուլությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս