Գրիգոր Ամալյան. «Հոկտեմբերին Երևանում կունենանք թվային հեռարձակում»

khosq.am կայքը հարցազրույց  է վարեկ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանի հետ

– Պարոն Ամալյան, արդեն մեկ տարվանից քիչ է մնացել Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու համար: Ո՞ւր ենք հասել այսօր։

– Մենք ըստ էության ունենք արդեն ընտրված մեր գործընկերները, որոնք ընդհանուր համակարգի ստեղծման մեջ իրենց պատասխանատվության կամ պարտականությունների հստակ բաժիններն են ստանձնել՝ սարքերի մատակարարման, համակարգերի համալրման, կարգաբերման, մոնտաժման եւ այլ աշխատանքներում։ Ունենք հստակ գործողությունների ժամանակացույց, եւ արդեն բավական մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։

– Կառավարության սահմանած ժամանակացո՞ւյցը նկատի ունեք:

Կարդացեք նաև

– Կառավարության սահմանած ժամանակացույցը գլոբալ հանգուցային կետերով է, բայց նաեւ դետալիզացված ժամանակացույցեր կան, որոնք ֆիքսված են երկու պայմանագրերով, որովհետեւ կառավարության որոշման մեջ չեն կարող երեւալ ոչ էական, ոչ հանգուցակետային հանգրվանները։ Ըստ էության, առաջընթացը համապատասխանում է նախանշված ժամանակացույցերին՝ տարբեր պայմանագրերով, տարբեր գործընկերների հետ: Սկսվել են սարքերի, սարքավորումների մատակարարումները:

– Երբվանի՞ց։

– Ավելի քան մեկ ամիս է հաստատուն ընթացքի մեջ է, եւ պիտի գոհունակությամբ ասեմ, որ այս պահին որեւէ ուշացում կամ բացթողումներ չունենք։ Հիմնական մատակարարման գործընթացն է, որտեղ ծագում են երբեմն տեխնիկական բնույթի խնդիրներ, ենթադրենք՝ ավելի մեծ քանակությամբ սարքավորումների մեջ կարող են լինել վնասված փաթեթավորումներ եւ այլն, բայց դրանք էական չեն, եւ չկա իրավիճակ, որ ուղղելի չէ, կամ, ասենք, թերությունների վերացումը երաշխավորված չէ։ Ըստ էության, մեծամասնաբար արդեն կատարված են ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները, շենքերի, շինությունների համապատասխանեցումը մեր տեխնիկական պահանջներին, մեր կայանների համար հողերի ձեռքբերման, օրինականացման, աշտարակների տեղադրման եւ այլ աշխատանքներ: Այս պահին զուտ տեխնիկապես համակարգի հանձնման ժամանակացույցային շեղման որեւէ մտավախություն չունենք: Վստահաբար կարող ենք ասել, որ հոկտեմբեր ամսվա ավարտին Երեւան, Գյումրի քաղաքներում կունենանք թվային հեռարձակումը, նույն ժամանակահատվածում արդեն հաջորդաբար մի շարք մարզերում եւս կարող ենք իրականացնել այն։

– Փորձնակա՞ն հեռարձակումը։

– Ինչո՞ւ փորձնական։ Մի քանի օր կիրականացնենք փորձնական հեռարձակում, բայց որակի նորմալ պայմանների պարագայում կհայտարարենք ժողովրդին, որ սա փորձարկում չէ, արդեն հեռարձակում է:

– Նախատեսվա՞ծ է՝ որ քաղաքներում, որ մարզերում, թե՞ առայժմ չգիտեք։

– Ենթակառուցվածքների աշխատանքները արդեն ավարտվում են Գեղարքունիքի մարզում, պատրաստ է Շիրակի մարզը, մոտ է ավարտին Տավուշի մարզում: Մյուս տեղերում էլ, որտեղ ժամանակացույցով ոչ թե հետ ենք ընկել, այլ հերթականությամբ հաղթահարելով ենք առաջ գնում, կարծում եմ՝ որեւէ խնդիր չենք ունենալու։

– Խոսեցիք գործընկերների մասին: Հայաստանում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ու կառավարման համար ի՞նչ մրցույթներ են անցկացվել:

– «Գնումների մասին» օրենքով ցանկացած ծառայություն կամ անհրաժեշտ որեւէ ապրանք ձեռք բերելու համար պիտի մրցույթներ անես։ Գիտեք, որ ամենամեծ մրցույթը վերաբերել է հենց համակարգի մշակմանը, սարքավորումների մատակարարմանը, դրանց մոնտաժման մի մասի աշխատանքներին, դրանց կարգաբերմանը, աուդիտի իրականացմանը եւ վերջնական գործող համակարգին անցմանը, որում հաղթել է շվեդական «Էրիքսոն» ընկերությունը: Մրցույթին ժամանակին մասնակցել է երեք ընկերություն, բայց մինչ այդ էլ նախնական 11 հայտ ներկայացրել են տարբեր երկրներ՝ Ռուսաստան, Լատվիա, ԱՄՆ, Բուլղարիա, Իտալիա, Ուկրաինա եւ այլն։

Նախաորակավորման փուլն անցել էին սրանցից երեքը։ Այս մրցույթը, որի մասին խոսում եմ եւ բերում եմ այս տվյալները, տեղի է ունեցել 2013-ի ամռանը։ Եղել են բազմաթիվ մասնակիցներ, բայց, ցավոք, մասնակիցներից ոչ բոլորն են հայտերը ներկայացրել օրենսդրությամբ սահմանված կարգով: Իմիջիայլոց, բոլոր մրցույթները, որոնք առնչություն ունեն թվայնացման գործընթացին, հրապարակային էին, եւ այժմ կարելի է տեղեկատվությանը ծանոթանալ www.gnumner.am կայքում:

– Մրցույթի պայմանները կառավարության կողմի՞ց են մշակվել։

– Մրցույթ հայտարարել է ՀՀՌՑ փակ բաժնետիրական ընկերությունը: Իհարկե, ընկերությունը գործել է մինչ այդ արդեն մշակված եւ գոյություն ունեցող ենթաօրենսդրական դաշտում, այսինքն՝ գլոբալ ընդհանրական պահանջներն արդեն ձեւակերպված են եղել Կառավարության կողմից ընդունված հայեցակարգով եւ այլ իրավական փաստաթղթերով, բայց հայտարարել է մրցույթը մեր ընկերությունը։

– Ըստ կնքված պայմանագրի՝ ինչպե՞ս են տարանջատված ՀՀՌՑ եւ «Էրիքսոն» ընկերության գործառույթները:

– Ներկայացնեմ, թե ինչպիսին է պայմանագիրը «Էրիքսոնի» եւ այլ կազմակերպությունների հետ, որոնց հետ մենք աշխատելու ենք։ Ենթադրենք, ապրանքների մատակարարումը թվայնացման տեխնիկական մասով բացառապես «Էրիքսոնի» վրա է դրված։ Այս բլոկի լիարժեք պատասխանատուն «Էրիքսոնն» է։ Մի շարք ծառայություններ, որոնք պիտի իրականացվեն՝ դրանք էլի «Էրիքսոնի» վրա են. ենթադրենք՝ միասնական կառավարման համակարգ, մոնիտորինգի համակարգ, ինտեգրում, հաղորդիչների եւ անտենաֆիդերային համակարգի տեղադրում, համալրում…

Օրինակ՝ Երեւանում, Գյումրիում, Կապանում այդ կայանները մոնտաժելու է հենց ինքը՝«Էրիքսոնը», բայց բազմաթիվ այլ կայաններ կան, որոնք մենք ենք մոնտաժում ըստ մեր պայմանագրի։ Չի կարող «Էրիքսոնը» ամբողջ Հայաստանում՝ 200 կայաններում իրականացնել հաղորդիչների, անտենաների տեղադրում եւ այլն: Դրա համար կամ ինքը պետք է Հայաստանից մարդիկ վարձեր, որ կարողանար այդ ծավալի աշխատանք աներ, կամ պիտի պատվիրակեր: Մենք մասնագիտացված ենք ոլորտում որոշ աշխատանքների մեջ, որտեղ անհրաժեշտ է ընդամենը ուսուցման մի փոքր ծրագիր։

Տեխնոլոգիան նոր է, երբ մենք խոսում ենք կոնկրետ արտադրողի սարքավորումների, ծրագրային ապահովման մասին, ամրագրում ենք, որ իրենք որպես ծառայություն մեզ համար ուսուցում անեն, եւ աշխատանքի մեր շուկայից ընտրվեն իրականացնողները:
Ստանձնել ենք պարտավորություն՝ այս գործերը կանենք մենք, այս գործերը կանեք դուք, բայց փոխարենը դուք կընդունեք մեր արած աշխատանքները խիստ պահանջներով։ Իսկ ամենավերջում մենք ամբողջ համակարգը կընդունենք ձեզնից՝ որպես միասնական մի ամբողջություն։ Այսինքն՝ աբսուրդ էր, որ իրենք մի քանի հազար մարդ դրսից բերեին՝ լցնեին Հայաստան, իրենց վարձատրությունով. դա մենք էինք վճարելու։ Ասենք՝ գյուղում մենք մի փոքր կայան ենք ուզում տեղադրել, ի՞նչ կարիք կա, որ վճարվեն այդ աշխատանքները եվրոպական գներով: Շատ դեպքերում, կոնկրետ՝ Երեւանում, Գյումրիում հաղորդակները մինչեւ վերջ հավաքելու են իրենք։ Բայց, ենթադրենք, Էջմիածնում, Կոտայքում կամ մեկ այլ տեղ, նույն հաղորդակները հավաքելու ենք մենք։ Դրա համար կան տեղեր, որ երկու պատասխանատու է նշված նույն որակումն ունեցող ժամանակացույցային պահանջի համար։

– Թվային հեռարձակման համար ընտրված MPEG-4 ստանդարտը զարգացման ի՞նչ հնարավորություններ ունի։

– Ըստ էության, այսօր շատ անշնորհակալ գործ է տեխնիկական զարգացումների հարցում կանխատեսումներ անել, որովհետեւ տեխնիկան զարգանում է շատ սրընթաց։ Եվ վաղուց չէր, որ հայեցակարգի վրա էինք դեռ աշխատում, այն ժամանակ երաշխավորված կայուն տեխնիկանան ստանդարտ՝ հանդես էր գալիս MPEG-2-ը, որովհետեւ MPEG-4-ը դեռ գրանցված եւ օրինականացված չէր, լայն օգտագործվող էր, բայց այդուհանդերձ դեռեւս նրա վերաբերյալ Հեռահաղորդակցության միջազգային միությունը եւ այլ մարմիններ որոշում չէին կայացրել, չէին տվել նրա ծննդականը, որպես ընդունելի գործող ստանդարտ։ Բայց տեսեք՝ կարճ ժամանակահատվածում MPEG-4-ը ամրացավ եւ սկսեց գործել որպես օրինական ստանդարտ։ Սա շատ ավելի խնայողական ստանդարտ է հաճախային ռեսուրսի օգտագործման համար, բավարար կայուն է տեխնիկական հեռարձակման եւ ընդունման իմաստով, բայց չի բացառվում, որ մինչեւ մենք ավարտենք, սեղմման մեկ այլ ալգորիթմ սկսի մրցակից դառնալ կամ գերազանցի դրան։ Հայաստանը փոքր-ինչ ուշացումով ձեռնամուխ եղավ գործընթացին, բայց, այդուհանդերձ, մենք ներդնում ենք ավելի լավ համակարգ, որովհետեւ շատ երկրներ MPEG-2-ով սկսել են եւ հընթացս փոխվում են MPEG-4-ի, կամ ովքեր ավարտել են, նորից մտածում են գործող ավելի լավ ստանդարտի մասին։

Դժվար է ասել՝ առաջ կանցնե՞նք, թե՞ չէ։ Ի՞նչ խնդիրներ կառաջացնի վաղը ի հայտ եկող շատ ավելի նախընտրելի, լավ ստանդարտը։ Այդ ժամանակ եթե փորձենք գալ նոր ստանդարտի, ստիպված կլինենք մեր ողջ համակարգի ինչ-որ մի մասը, ոչ ամբողջությամբ, ադապտացնել նոր ստանդարտներին։ Որակը, որ կարող է մեզ համար ապահովել MPEG-4-ը, ըստ էության, լավ ցուցանիշ է, եւ իմպերատիվ որեւէ պահանջ չի լինելու, որ պարտադիր պիտի փոխենք, որ շարունակենք համընթաց շարժվել աշխարհի հետ։ Մենք կարող ենք բավարար ժամանակ MPEG-4-ը շահագործել։

– Իսկ ցանցը միահաճախակա՞ն է, թե՞ բազմահաճախական…

– Ցավոք, հնարավորություն չունեցանք ստեղծել միահաճախական, եւ սա, կարծում եմ, մեր թերություններից մեկն է: Ասեմ պատճառը։ Գիտեք, որ հաճախային ռեսուրսներ երկրներին տրամադրում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը։ Իհարկե, երկրները սակարկելու, պնդելու, խնդրելու, պահանջելու իրավունքներ ունեն, բայց այդուհանդերձ լուրջ պրոբլեմներ են առաջանում այն երկրներում, որոնց սահմանային գոտիները շատ են: Հայաստանը ծայրեիծայր իր ողջ ծավալով, միջազգային ընկալմամբ, հանդիսանում է փոխադարձ թափանցման գոտի։ Որպես կանոն, ներքին գոտիներում հաճախային ռեսուրսների խնդիրներ չկան։ Շատ հեշտ կարգավորվում են, շատ հեշտ կառավարվում են։

Հայաստանի պարագայում, երբ ըստ էության մենք հավասարապես պիտի գործենք մի դաշտում, որտեղ մեր հարեւաններն են, ստացվում է, որ էականորեն սահմանափակ է երկրին տրամադրվող հաճախությունների դաշտը, որովհետեւ դրանք հավասարապես հարեւաններինն են, բոլորինն են։ Ենթադրենք՝ N թվով հաճախություն ձեւականորեն կարող էր լինել որեւէ տարածքում, եթե դա պիտի բաշխվի հարեւանների միջեւ, ուրեմն պիտի բաշխվի համաչափորեն։ Հիմա Հայաստանն իր զուտ ֆիզիկական չափերից ելնելով այդ վատագույն պայմաններում է հայտնվում։

Մեկ այլ դեպքում, եթե մեծ երկիրն իր տարածքում կստանար ամբողջ N թվով հաճախությունները, հիմա պիտի բաժանես հարեւաններիդ հետ, այսինքն՝ պիտի արդար բաժանես, որովհետեւ այնտեղ էլ քաղաքացի կա, տեղեկատվություն ստանալու իրավունք ունի, այս կողմն էլ. չես կարող ասել՝ մեզ շատ տվեք, Թուրքիային՝ քիչ մեր գոտում, որովհետեւ Թուրքիան մեծ երկիր է, շատ ունի: Ինքն ասում է՝ Ղարսի բնակիչը նույնպես պիտի տեղեկատվություն ստանա, պիտի կիսեն երկուսի միջեւ։ Մենք ստացանք հաճախային առավելագույն հնարավոր պլանը, բայց հատկացված հաճախություններով հնարավոր չէր Հայաստանը միահաճախային ծածկույթ ապահովել։ Շատ բարդ է հաճախությունների մենեջմենթը սահմանային գոտիներում, իսկ Հայաստանը, ցավոք, իր ողջ խորությամբ, մերձսահմանային գոտու տրամաբանության մեջ է իր հարեւանների հետ։ Դրա համար մեզ մոտ սարքված է բազմահաճախային։

– Անալոգային հեռարձակումը 2015 թ. հուլիսին անջատելուց հետո Արարատյան դաշտը եւ մայրաքաղաքը ընդգրկող հեռարձակման գոտում քանի՞ հաճախականություն կազատվի, որոնք կարող են հետագայում տրամադրվել մասնավոր մուլտիպլեքսների կազմավորման համար։

– Երեւանին հատկացված է 11 թվային հաճախություններ։ Մնացած ամբողջ հեռուստատեսային հաճախությունների դաշտը ըստ էության թվային հեռուստահեռարձակման նպատակով չի կարող օգտագործվել։ Այսինքն՝ մենք ունենք առավելագույնը, որը կարող է օգտագործվել, եւ դա տրված է Հայաստանին։
Երբ մենք ասում ենք, որ հատկացված է 11 հաճախություն, դրանով հանդերձ նաեւ պիտի տեխնիկապես ընկալենք հետեւյալը. որ չես կարողանալու երբեւէ հենց 11-ն էլ օգտագործել, որովհետեւ մեկը օգտագործելիս արդեն խնդիր ես առաջացնելու մյուսների համար։ Դրանից դուրս՝ 11 կապուղուց դուրս, ամբողջ նախկին հեռուստատեսային սպեկտրը կարող է օգտագործվել այլ նպատակով։ Քանի որ, հիշում եք, ժամանակին մենք Երեւանում առավելագույնը կարողացել ենք, էլի խիստ տեխնիկական լուրջ պրոբլեմներով, 22 կապուղի օգտագործել, մենք հիմա հասկանում ենք, որ առնվազն կեսը արդեն ազատվող հաճախականություններ են։

– Եվս մի շատ կարեւոր խնդիր՝ դեկոդերների խնդիրը։ Հստակեցվե՞լ է, սոցիալապես անապահով քանի ընտանիքների է տրամադրվելու ապակոդավորող սարքեր։ Ո՞ւմ կողմից եւ ի՞նչ գումարներով են ձեռք բերվելու այդ սարքերը (նաեւ՝ ի՞նչ գումար է ընդհանուր առմամբ նախատեսված) եւ ի՞նչ մեխանիզմով են դրանք բաշխվելու կարիքավոր ընտանիքներին։

– Ես, ցավոք, եթե նույնիսկ իմանամ, իրավունք չունեմ, իրավասու չեմ հնչեցնել, բարձրաձայնել. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհն է՝ տալ գնահատական, որակել որպես անապահով, էդ թվի մասին խոսել… Բայց ես փոխարենը ասեմ հետեւյալը. կառավարության հայեցակարգում, եթե չեմ սխալվում, շատ հստակ թիվ է։

– Հարյուր հիսուն հազա՞ր։

– Հարյուր հազար։

– Հարյո՞ւր…

– Այնտեղ ես հարյուր հազար եմ հիշում թիվը։ Եւ ասեմ ինչու։

– Ներողություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական մի փաստաթղթում նշվում է, որ 2014 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 130 000 անապահով ընտանիք:

– Մենք այս հարցում պիտի լինենք թվի սպառողը, մեզ պիտի տան այդ թիվը… Երբ որ ընդունվում էր հայեցակարգը, ես հստակ հիշում եմ, խոսքը 100 000 անապահով ընտանիքներին անվճար սարքեր տրամադրելու մասին էր։ Ըստ էության հայեցակարգի ծրագրի իրականացման որեւէ փոփոխություն չկա։ Ավելին ասեմ՝ այն ժամանակ ՀՀՌՑ-ն հաշվել էր հստակ 100 000 դեկոդերների ֆինանսավորումը, եւ այդ ֆինանսավորումը իրականացվել է կառավարության կողմից նախորդ տարի…

– Ի՞նչ գումար է դա։

– Դա 100 000 սարքերի ձեռքբերման համար է նախատեսված. 2,5 միլիոն դոլար՝ ներառյալ հարկերը, տուրքերը, այսինքն՝ վերջնական պրոդուկտի գինը։

– Գումարը հատկացվե՞լ է արդեն։

– Գումարը ինչո՞ւ չի հատկացվել… Որոշումը կա, եւ դա երաշխավորված է։ Ինչո՞ւ մենք չենք ուզել, որ ֆինանսավորումը այս պահին իրականացվի։ Մինչեւ սարքերի ձեռքբերումը մենք պիտի ունենանք ռեալ գործող ճառագայթային դաշտ։ Մեզ պետք է անցկացնել փորձարկում տարբեր արտադրողների, տարբեր երկրների, տարբեր՝ չինական, եվրոպական, թանկ, էժան… Ինչո՞ւ է պետք դա անել. որովհետեւ ինչպես իրենց կդրսեւորեն դեկոդերները հարթավայրային տիրույթում՝ բոլորովին ուրիշ խնդիր է, ինչպես կպահեն նույն երկրի նույն սարքերը բազմաթիվ անդրադարձած ալիքների դաշտում՝ բոլորովին այլ բան է։ Ինչպես կպահեն իոնիզացիոն ճառագայթման ֆոնին, ամառային պայմաններում՝ մի խնդիր է, եւ ինչպես կպահեն ձմեռային ամիսներին, բոլորովին՝ այլ։

– Այսինքն՝ տեխնիկական բնութագրերով հնարավո՞ր չէ կողմնորոշվել…

– Ոչինչ չի ասելու, եւ ցանկալի չի հավատալ թղթի վրա գրված որեւէ բնութագրի… Դրա համար մենք ի՞նչ ենք ներառել «Էրիքսոնի» պայմանագրի մեջ. որ նրանք մեզ տալիս են 50 հատ տարբեր արտադրողների, տարբեր գնային դիապազոնի նմուշներ՝ սկսած էժան արտադրողից, թանկ արտադրողից, եվրոպական արտադրանքից, ասիական արտադրանքից… Հենց Երեւանը մենք միացրինք, սկսելու ենք փորձարկումները տարբեր հեռավորությունների վրա, տարբեր տեղանքներում, անդրադարձման տարբեր դաշտերում, հեռու գոտում, մոտիկ գոտում, ցերեկային ժամերին, երեկոյան ժամերին. մենք մեզ համար ճշտելու ենք՝ որո՞նք են, որ երաշխավորված աշխատում են:

Նախնական պիտի հստակեցվի՝ ո՞ր սարքերն են, որ առավելագույնս մեր պայմաններում կարդարացնեն իրենց, որովհետեւ բոլորովին մեկ այլ երկրում կարող է այլ սարքերի խումբը նախընտրելի լինել, եւ երկրորդը՝ ինձ համար շատ կարեւոր է, որ եթե հայտարարվեց մրցույթ, պարտադիր մրցույթի մասնակցող եւ հաղթող կազմակերպությունը պիտի երաշխավորի բնակչությանը տրված դեկոդերների սպասարկման ծառայությունները Հայաստանում: Պետք է պատկերը հստակեցնել, հետո նոր հայտարարել մրցույթ, որ հասկանաս՝ դու ի՞նչ տեսակ սարք ես ուզում։

– Իսկ այդ ժամանակ և՛ անալոգայինն է գործելու, և՛ թվայի՞նը։

– Այդ ժամանակ անալոգայինը գործելու է, որեւէ խնդիր չկա, մարդիկ շարունակելու են տեղեկատվություն ստանալ։ Հոկտեմբերին կունենանք թվային հեռարձակումը Երեւանում: Մենք պահանջել ենք արդեն «Էրիքսոնից», դեկոդերները կփորձարկենք, կտեսնենք՝ որը ինչ վարքագիծ է դրսեւորում, դրանից հետո ավելի հստակություն կունենանք մրցույթ հայտարարելու: Մեկ անգամ եւս շեշտեմ՝ ես պահանջելու եմ, որ անպայման ստեղծվի սպասարկման կենտրոն, Հայաստանի քաղաքացին իր սարքը չպիտի ուղարկի այլ երկիր՝ վերանորոգելու, դա պետք է այստեղ արվի։

-Ինչքա՞ն է ամբողջ գործընթացի արժեքը։ Ի՞նչ գին է ունենալու թվայնացումը Հայաստանի համար։

– Գիտեք, այս հարցին ես կպատասխանեմ հստակությամբ եւ նաեւ մեծ անորոշության բաղադրիչով։ Գործընթացը 16,9 միլիոն դոլարի շրջանակներում է, ներառյալ՝ դրսում եւ ներսում իրականացվող աշխատանքները, որից ահռելի մասը հարկերի եւ տուրքերի ձեւով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության բյուջե։ Կառավարության որոշումը տեսել եք, այնտեղ այս թվի ֆինանսավորումն է եղել…. Սրանից 3-3,5 միլիոն դոլարի չափով հարկեր, տուրքեր են։ Բայց ես ձեզ ասեմ հետեւյալը. սա այն է, ինչը կառավարության որոշումով սահմանվել է: Բայց իրական գործընթացի արժեքը շատ-շատ ավելի է։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս