«2005թ. էլ ամբողջ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել սահմանադրական բարեփոխումներին, բայց եղավ այն, ինչ եղավ»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, թե սահմանադրական բարեփոխումների խնդիրը դառնալու է ներքաղաքական կոնֆլիկտի հիմնական պատճառ:

«ՀՀԿ համար դա մի ճանապարհ է՝ սահուն լուծելու իշխանափոխության խնդիրը, մյուս կողմից՝ ԲՀԿ-ն հասկանում է, որ դա թույլ տալու դեպքում ի սպառ զրկվում է 2017-18թթ. խորհրդարանային ընտրությունների ժամանակ մեծամասնություն ստանալու իրավունքից: Բնականաբար, տարաձայնությունները միանշանակ սպասելի են լինելու, որովհետև մեկը վախենալու է շատ համարձակ որոշումներ ընդունելուց, խոսքս ԲՀԿ-ի մասին է, մյուսներն էլ կարող են այլ դիրքորոշումների վրա հայտնվել՝ սահմանադրական փոփոխությունների խնդրով պայմանավորված, կախված նրանից, թե դա ինչ չափով կբավարարի իրենց շահերը»,- պարզաբանեց նա:

Ստյոպա Սաֆարյանն առանձնապես մեծ ռիսկեր չի տեսնում քաղաքական ուժերի՝ ընդհանրության գալու առումով, և դժվար թե աշնանը քառյակը կարողանա գեներացնել այն պրոցեսները, որին սպասում է հասարակությունը: Ըստ նրա՝ դրա վրա ազդող գործոն կարելի է համարել ոչ այնքան իշխանության սարսափեցումը՝ ոստիկանապետի շուրթերով, որքան ավելի շատ քառյակին բաժանող խնդիրները:

«Դաշնակցության համար կարևոր է քաղաքական դաշտում իր ներկայությունը պահելու կամ ավելի ծանրակշիռ դարձնելու խնդիրը, հետևաբար՝ որքան սրվի սահմանադրական փոփոխությունների հարցը, այնքան քառյակի ներսում՝ առնվազն Դաշնակցության և մյուսների միջև ճգնաժամը ավելի տեսանելի է դառնալու»,- նշեց նա:

Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են: Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերը դեռևս հստակ պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչու էին ժամանակին կողմ խորհրդարանական համակարգին, իսկ հիմա՝ դեմ:

168.am-ի այն հարցերին՝ եթե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի ճնշումը մեծանա, իշխանությունը կարո՞ղ է ընդհանրապես հրաժարվել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու գաղափարից, քանի որ եթե նոր Սահմանադրության մեջ պետք է մտցվեն նորմեր, որոնք հարուցում են ՀՀԿ-ական պատգամավորների մեծամասնության ներկայացուցիչների դժգոհությունը, ապա ավելի արդյունավետ չի՞ լինի հրաժարվել փոփոխություններ իրականացնելուց, նա պատասխանեց.

«Ես, օրինակ, ընդդիմության գործելակերպը հենց այդպես կպատկերացնեի, այսինքն՝ տանել դեպի մասնակցության փոփոխությունների, փոփոխություննրի գործում ստեղծել այնպիսի ճնշող մեծամասնություն, որը կպաշտպանի իրենց տեսակետը, այլ ոչ իշխանության: Այս դեպքում կարելի է իրապես փակուղիներ ստեղծել կամ ստիպելով՝ չգնալ որևէ փոփոխության, երբ տեսնեն, որ իշխանության վերարտադրության խնդիրը չափազանց ռիսկային է այդ տարբերակով լուծելը կամ ստիպված կլինեին բավարարել մեծամասնության ճնշումը: Ինքս տեսնում եմ ռիսկերը՝ կապված իշխանության ցանկությունների հետ, բայց նաև ի տարբերություն ընդդիմադիր և այլընտրանքային քաղաքական ուժերի, ես կարծում եմ, որ մասնակցությունը ավելի ճիշտ է: 2005թ. էլ ամբողջ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել սահմանադրական բարեփոխումներին, բայց եղավ այն, ինչ եղավ»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս