
Սաակաշվիլու կուսակիցների մոտ առկա են հեռախոսազրույցները գաղտնալսող սարքեր. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին վստահեցնում է, որ նախկինում իշխող «Միասնական ազգային շաժում» կուսակցությունը, որի առաջնորդը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է, ունի հատուկ սարքավորում` երկրի քաղաքացիների հեռախոսազրույցները գաղտնալսելու համար:
Սրանից առաջ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Վրաստանում դեռ իրականացնում են հեռախոսազրույցների գաղտնալսումներ, որոնք առնչվում են նաև իրեն:
Գարիբաշվիլին հաստատել է Իվանիշվիլու խոսքերը, որ նման գաղտանլսող սարքերը ձեռք են բերվել երկրի նախկին կառավարության ժամանակ և երկիր են բերվել նախքան «Վրացական երազանքի» իշխանության գալը (2012 թվականի հոկտեմբեր): Նա հավելել է, որ իրենք ունեն տվյալներ, որ այդ միջոցները դեռևս գտնվում են նրանց ձեռքում: