Պ. Հայրիկյանը՝ իշխանություններին. Դուք իրավունք չունեք ձեր շուրթերը բացեք սեպտեմբերի 21-ին, դուք պետք է մկան ծակը 1000 թումանով գնեք ու թաքնվեք այնտեղ

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլն ամենայն հավանականությամբ կավարտվի վաղը երեկոյան: Այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի  ժամանակ նա տեղեկացրեց, որ, ըստ կարգի՝ այսօր երեկոյան՝ ժամերգությունից հետո պետք է դադարցնեին հացադուլը. «Բայց քանի որ մենք ոչ միայն ծոմ ենք պահում, այլ նաև բողոքի հացադուլ ենք անում, մեզնից որևէ մեկը դեռ տրամադրված չէ այսօր դադարեցնել: Իսկ ընդհանրապես սա բողոքի ցույց էր: Բողոքի ցույցը միշտ ունենում է սկիզբ և ավարտ»:

ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին լինելու է ԱԻՄ-ի հերթական հանրահավաքը, որի իմաստը հետևյալն է. «Սերժ Սարգսյան և նրա կամակատարներ, դուք իրավունք չունեք սեպտեմբերի 21-ը նշեք որպես տոն, դուք իրավունք չունեք ձեր շուրթերը բացեք սեպտեմբերի 21-ին, դուք պետք է մկան ծակը 1000 թումանով գնեք ու թաքնվեք այնտեղ: Դուք այդ օրը պետք է պապանձվեք, որովհետև դեմ եք գնացել 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հայ ժողովրդի՝ բռնատիրական Ռուսաստանից հեռանալու որոշմանը:

Այդ օրը բոլորս գիտեինք, որ մենք սովետական միությունից, բոլշևիկյան Ռուսաստանից դուրս գալու համար ենք քվեարկում: Հիմա մեկ այլ բոլշևիկ եկել է իշխանության և մերոնք ասում են՝ մենք պետք է միանանք այդ բոլշևիկին: Բայց ժողովուրդն այլ բան է ասել: Քեզ ո՞վ է իրավունք տվել հակառակ ուղղությամբ գնալ: Հակառակ ուղղությամբ ես գնո՞ւմ, ճակատիդ կպցրու «դավաճան» ու բոլոր անարժանապատիվ բառերն ու մեջտեղ արի, մենք էլ կասենք՝ էս ինչ ազնիվ մարդ է, ինքը գիտի, որ ինքը սատանայի ծնունդ է»:
Պ. Հայրիկյանն ասաց նաև, որ հանրահավաքի հստակ ժամն ու տեղը դեռ որոշված չէ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս