Հովհաննես Մանուկյանը ԶԱԳՍ-ի աշխատակիցներին հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսևորել բարեկիրթ վերաբերմունք
Աշխատանքային առաջին հանդիպումը ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների հետ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու:
«Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի» գրասենյակների աշխատանքների նկատմամբ, այն մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է բարելավենք, քննարկենք և հասկանանք, թե ինչով կարող է արդարադատության նախարարությունը աջակցել ձեզ»,- նշել է նախարարը:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համառոտ ներկայացրել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում բարեփոխումների ընթացքը: Նա նշել է, որ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես էլեկտրոնային կառավարման միջոցով, քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են:
Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակրգիչ, 129 տպիչ և առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են: «Արդեն ՔԿԱԳ 31 ստորաբաժանումներ անցել են էլեկտրոնային կառավարման համակարգին, աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի այդ գործընթացը հեշտացվի և ամեն ինչ ներկայացվի էլեկտրոնային տարբերակով: Կազմակերպվելու են դասընթացներ, որպեսզի աշխատակիցները տիրապետեն բոլոր տեխնիկական միջոցներին»,-նշել է Սուրեն Քրմոյանը:
Նախարարը ներկաներին հավաստիացրել է, որ նշված աշխատանքներն անընդհատ բարելավվելու են և ստեղծվելու է կազմակերպչական այնպիսի ընթացակարգ ու կառուցվածք, որը հնարավորություն կտա խնդիրների առաջացման դեպքում անմիջապես տալ արդյունավետ լուծումներ: ՔԿԱԳ պետերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է ՔԿԱԳ-ները նորից վերադառնան արդարադատության համակարգ, քանի որ իրենց մոտ առաջանում են խնդիրներ, որոնց չեն կարողանում լուծում տալ, նախարարը պատասխանել է, որ ավելի նպատակահարմար է այս ֆորմատով փորձել լուծումներ գտնել, իսկ առաջ քաշված տարբերակը կարող է այլընտրանքային լուծումներից մեկը լինել:
Այնուհետև նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջև նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը:
«Այդ հարցը պետք է շատ արագ լուծվի, կարևոր է ձեր կողմից նման հարցերի բարձրացումը նախարարության առջև, որպեսզի մենք կարողանանք շատ արագ լուծումներ գտնել»,-ասել է նախարարը: Ներկաները խոսել են հաստիքների սակավության և աշխատանքի ծանրաբեռնվածության մասին, ինչին ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանը պատասխանել է, էլեկտրոնային կառավարման համակարգին անցնելուց հետո ծանրաբեռնվածությունն էականորեն նվազելու է:
Ներկաներից մեկը մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիները հաճախ գերադասում են ամուսնութայն գրանցումն իրականացնել հարսանյաց սրահներում: ՔԿԱԳ գործակալության պետը տեղեկացրել է, որ հարսանյաց հանդեսներին՝ ՔԿԱԳ տարածքից դուրս ամուսնություն գրանցելը աշխարհում ընդունված պրակտիկա է: Նախարարը, անդրադառնալով հարցին, պատասխանել է, որ քաղաքացու ցանկությունն է այս հարցում կարևոր, մանավանդ, որ ներկայում չկան հանդիսությունների դահլիճներ, հնարավոր չէ ապահովել ամուսնության գրանցման հանդիսավոր մասը տարածքային ՔԿԱԳ մարմիններում: Նախարարի հավաստմամբ՝ Երևանում մոտ 2 ամսից կլինեն համապատասխան մի քանի դահլիճ, որոնց թիվը հետագայում կավելանա:
ՀՀ արդարադատության նախարարը հստակ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել իր տեղակալին, ՔԿԱԳ գործակալության պետին, ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետին՝ ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատանքների բարելավման վերաբերյալ:
Տարածքային ՔԿԱԳ պետերին Հովհաննես Մանուկյանը հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսևորել բարեկիրթ վերաբերմունք: «Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն »,- շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ: Այնուհետև անդրադարձել է ծառայության մատուցման ժամկետներին, աշխատանքային ժամերին այլ գործերով զբաղվելու խնդիրներին, քաղաքացիներին բաժնից բաժին ուղարկելու պրակտիկային և մի շարք այլ խնդիրների, որոնք վեր են հանվել քաղաքացիների կողմից: Նախարարը խստորեն կարգադրել է վերացնել ապօրինի պահանջները՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ներվելու, ինչպես նաև՝ չպահանջել գումարներ անվճար գործառույթների դեպքում: Այնուհետև նա հավաստիացրել է, որ ՔԿԱԳ յուրաքանչյուր աշխատակցի խնդիրը նախարարության խնդիրն է, և բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ աշխատանքային քննարկումը շարունակել են փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու նախարարության աշխատակազմի Վերահսկողական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը, ովքեր, լսել են ներկաների առաջարկություններն ու կարծիքները, և պատասխանել հարցերին: