
Աշոտ Մանուչարյանի տվյալներով` ժողովրդական շարժումը կսկսվի հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ իշխանությունից դժգոհ ազատամարտիկները սկսելու են ժողովրդական շարժում, որը կարող է բերել ընդդիմադիր կուսակցությունների միավորմանը: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Քաղաքական գործչի մեկնաբանությամբ` Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների զարգացման երկու ճանապարհ կա` «կա´մ գոյություն ունեցող աշխարհի տրամաբանությամբ մի խմբակը փորձելու է մյուսի ձեռքից ինչ-որ բան խլել և տանել իր գիծը, կա´մ կլինի որակյալ ուրիշ բան»:
Այս իմաստով Աշոտ Մանուչարյանի հույսն ազատամարտիկներն են. «Նրանք էլ են ապրում այս աշխարհում, նրանք էլ են սոված, ինչպես շատ-շատերը, և նրանց էլ են փորձում գնել, բայց քանի որ նրանք նաև պաշտպանել են երկրի սահմանները, կորցրել են ընկերներ և գիտեն` դա ինչ է, նրանց մեջ այդ երկրորդը միշտ գործում է: Ուրեմն նրանք կարող են ինչ-որ խմոր լինել: Եթե դրան միանա ադեկվատ մտավորականությունը, և այդպիսի ժողովրդական շարժում առաջանա, իսկ իմ տվյալներով` այս շաբաթվա ընթացքում այդ շարժումն առաջանալու է, ապա այդ կուսակցական ընդվզումներն էլ կսկսեն տեղավորվել այդ նոր տրամաբանության մեջ: Հին տրամաբանության մեջ նրանք չեն կարող բերել որևէ էական փոփոխության»: